ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սա կրթության համաշխարհային ճգնաժամ է․ ԿԳՄՍ փոխնախարար

Սա կրթության համաշխարհային ճգնաժամ է․ ԿԳՄՍ փոխնախարար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով աշխարհի շուրջ 1,5 միլիարդ սովորողներից ընդամենը շուրջ 900 միլիոնն են հնարավորություն ստանալու շարունակել կրթությունը օգոստոսից հոկտեմբեր ժամանակահատվածում։  Այս մասին ֆեյսբուքում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

"900 միլիոնից շուրջ կեսի համար ուսուցումը լինելու է բացառապես հեռավար կամ համակցված, այսինքն՝ ուսումնական հաստատություն վերադարձը հնարավոր է միայն աշխարհում ամեն երրորդ երեխայի համար։

Միջինում աշխարհի տարբեր երկրներում սովորողները առնվազն 60 օր դուրս են մնացել կրթությունից։

Սա կրթության համաշխարհային ճգնաժամ է, որ իր ազդեցությունն է թողնում կրթության որակի, սովորողների զարգացման վրա։ Առաջին հայացքից քիչ տեսանելի, բայց շատ զգալի է կրթության ոլորտի այս խնդիրների ազդեցությունը հանրային և տնտեսական զարգացման տեսանկյունից։

Այս պայմաններում շատ կարևոր է, որ մեր երկիրը կարողանում է վերաբացել կրթության ոլորտը՝ առկա ուսուցման համար։

Եկող շաբաթ դպրոցների, նախնական և միջին մասնագիտական հաստատությունների, արտադպրոցական, արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցների վերաբացմանն ընդառաջ ավելի քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը կրթության համակարգում յուրաքանչյուրիս կողմից, որոնք պետք է թույլ տան ապահովել կրթության շարունակականությունը և օր առաջ վերադառնալ բնականոն հուն",- ասվում է փոխնախարարի գրառման մեջ։

  • Կիսվել: