չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սա կարևոր արձանագրում է, որը ևս մեկ անգամ հաստատվում է ԵՄ, Ֆրանսիայի, Գերմանիայի բարձրագույն մակարդակով ստորագրությամբ. Կոնջորյան

Սա կարևոր արձանագրում է, որը ևս մեկ անգամ հաստատվում է ԵՄ, Ֆրանսիայի, Գերմանիայի բարձրագույն մակարդակով ստորագրությամբ. Կոնջորյան

Գրանադայում այսօր ստորագրվել է քառակողմ հայտարարություն, որով ևս մեկ անգամ ճանաչվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29.800 քառակուսի կմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Սա կարևոր արձանագրում է, որը ևս մեկ անգամ հաստատվում է` ԵՄ, Ֆրանսիայի, Գերմանիայի բարձրագույն մակարդակով ստորագրությամբ: Այժմ, Հայաստանում գործակալական ցանցի ծայրագավառական ոհմակը հերթական ոռնոցն է կապել` բայղուշության նոպաներով:

Ամեն բան հստակ է` որքան ամուր են արձանագրվում ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այնքան շառաչյուն է հնչում պետականաքանդ ստորաքարշների ոռնոցը:

Հայաստանի Հանրապետությունը լինելու է անկախ և ինքնիշխան: Իսկ դուք մնալու եք պատմության մայթեզրին կանգնած` ձեր ստորաքարշ գոյությամբ հանդերձ:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը:

Վերջինիս արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որտեղ ասված է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։

Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։

  • Կիսվել: