կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Զանգեզուրի հանդեպ Ալիեւի հավակնությունները

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Զանգեզուրի հանդեպ Ալիեւի հավակնությունները

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ունենան ինքնիշխանություն և իրավասություն իրենց ազգային տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Այս մասին ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը։
 
«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նրանք իրենց պրակտիկ գործողություններում պետք է առաջնորդվեն այս սկզբունքով։ Այդ մասին կողմերը հայտարարել են», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով` ռուսական կողմը շահագրգռված է Անդրկովկասում կայուն իրավիճակի հաստատմամբ։ ՌԴ–ն կողմնակից է, որ բոլոր վիճելի հարցերը լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ուղիներով։
 
«Միևնույն ժամանակ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ դաշնակից պետություններ են։ Երևանի հետ մեզ կապում է անվտանգության ոլորտում պարտավորվածությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում։ Բաքվի հետ հաջողությամբ իրականացվում է Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը Մոսկվայում ստորագրվել է 2022 թվականի փետրվարի 22-ին` ամենաբարձր մակարդակով»,- նշել է Զախարովան։
 
Նա ընդգծել է, որ ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա այս հարցը մանրակրկիտ կերպով քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ հենց այս ձևաչափով պետք է փոխադարձ ընդունելի լուծում գտնել։
 
«Նման համաձայնագրերը, որոնք հիմնված են շահերի հավասարակշռության վրա, օգուտ կբերեն ինչպես տարածաշրջանի պետություններին, այնպես էլ նրանց հարևաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային», - ասել է Զախարովան։
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե խորհրդային իշխանությունները «Արևմտյան Զանգեզուրը» փոխանցել են Հայաստանին՝ կտրելով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։ Նրա խոսքով` առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ոչ թե պատմությանը, որը հայտնի է Ռուսաստանում, այլ երկրում դինամիկ զարգացող իրավիճակին։
 
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Անկարան ամեն ինչ կանի «Զանգեզուրի միջանցքի» արագ բացման համար։
 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: