ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
ՌԴ՝ ադրբեջանամետ հայտարարությունների պատճառը գուցե այն է, որ սկսել են ՀՀ-ն դիտարկել որպես ԵՄ շահերը սպասարկող. Մինասյան

ՌԴ՝ ադրբեջանամետ հայտարարությունների պատճառը գուցե այն է, որ սկսել են ՀՀ-ն դիտարկել որպես ԵՄ շահերը սպասարկող. Մինասյան

Վտանգավոր է, երբ հատկապես իշխանական խոսույթում դիտարկում կա, որ ԵՄ դիտորդները համարվում են որպես ռուսական շարժինհետող գործողություն. Դա նշանակում է, որ մենք ռուսական եւ արեւմտյան շահերի բախումը կառուցեցինք Հայաստանի վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Սա հիմարություն է քաղաքական տեսակետից, իսկ ազգային անվտանգության տեսակետից՝ սպառնալիք: Ամեն ինչ պետք է անել, որ այստեղ շահերի հակադրություն չդիտվեր, բայց իրենք ամեն ինչ արեցին, որ մի կողմից ՌԴ-ն, մյուս կողմից Եվրոպան, հայտարարեն, որ այստեղ իրենք իրար դեմ են կռվում: Սա մեզ ոչ մի լավ տեղ չի տանում: Եթե գալիս են լրացնելու, դա մի բան է, բայց եթե պետք է գան ու իրար փոխարինելու մոտեցումով շարժվեն, սա շահերի հակադրության է բերելու եւ Հայաստանը հայտնվելու է հարվածների տակ:

Այն, որ հիմա Ռուսաստանի կողմից Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ են հնչում, գուցե պատճառը նաեւ այն է, որ սկսել են Հայաստանին դիտարկել որպես ԵՄ շահերը սպասարկող երկիր: Ինչո՞ւ ենք բերում հակադրությունների դաշտ: Եթե դու ասում ես՝ ԵՄ դիտորդները պետք է գան, որ ռուսական շարժին հետեւեն, կամ ՀԱՊԿ-ի զորավարժությունները մեզ համար սպառնալիքներ են, սա նշանակում է, որ դու ուղիղ հրահրում ես հակադրություն ու բախում Հայաստանի տարածքում»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով Մյունխենի համաժողովում Ալիեւի հայտարարություններին, նա ասաց. «Ես չեմ ուզում անդրադառնալ նսեմացնող վիճակին, որի ականատեսը եղանք: Ալիեւին համարժեք պատասխան պետք է տրվեր բոլոր հարցերում: Նրա ամեն մի արտահայտություն վիրավորանք էր: Սա իսկապես հարված էր մեր ազգային արժանապատվությանը. Թե Ալիեւի լկտի, ստահակ պահվածքը, թե նաեւ Նիկոլ Փաշինյանի անօգնական, խեղճացած, մեղք վիճակը: Նման ձեւով չի կարելի երկիր ներկայացնել»:

  • Կիսվել: