երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պետք է գնահատել՝ արդյոք ՀՀ-ն պետք է բանակցային ռեսուրս ծախսի դրա վրա. Խանդանյանը՝ ԼՂ-ում հայերի իրավունքների երաշխիքների մասին

Պետք է գնահատել՝ արդյոք ՀՀ-ն պետք է բանակցային ռեսուրս ծախսի դրա վրա. Խանդանյանը՝ ԼՂ-ում հայերի իրավունքների երաշխիքների մասին

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների երաշխիքների բաղադրիչի  և այն բանակցությունների ժամանակ օգտագործելու հնարավորության մասին։

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Խանդանյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կտրվել է իր տնից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով և հիմա բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն։

«Մեր խնդիրն է այդ մարդկանց իրավունքները, անվտանգությունը և սոցիալական կարիքները երաշխավորել»,-ասաց Խանդանյանը։

Հարցին, թե արդյոք դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների երաշխիքների ապահովման բաղադրիչը հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանից, Խանդանյանը պատասխանեց, որ նեկայումս չի կարող ասել այն դուրս է եկել, թե ՞ոչ։

«Պետք է ռեալ գնահատել ներկա իրավիճակը։ Դա նաև կախված է մեր հայրենակիցների կամքից՝ արդյոք նրանք պատրաստ են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Երաշխիքների մասին խոսել ենք և կոչ ենք արել Ադրբեջանին և միջազգային հանրությանը, միջազգային հանրությունը ևս կոչ է արել Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի հայերին նստել սեղանին շուրջ և խոսել այդ մասին, բայց, ցավոք, միջազգային մեխանիզմներ չստեղծվեցին և հիմա պետք է գնահատել, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը պետք է բանակցային ռեսուրս ծախսի և շարունակի դրա վրա ֆիքսվել, թե՞ ոչ։ Ամեն դեպքում դա առաջին հերթին կախված է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների կամքից և ցանկությունից։ Մենք այս ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք»,-նշեց Խանդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ամեն ինչ իր կողմից արել է և բանակցություններում հավատարիմ է եղել այն սկզբունքներին, որոնց մասին ի սկզբանե հայտարարել է։

«Ադրբեջանի ագրեսիան և Ադրբեջանի նկատմամբ ոչ բավարար ճնշումը մեզ բերել է այս իրավիճակին»,-եզրափակեց Խանդանյանը։

  • Կիսվել: