երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Պաշտոնապես հայտարարում եմ՝ 2018-ից ի վեր Հայաստանը որևէ երրորդ երկրի հետ նման գործարք չի իրականացրել. Բալայան

Պաշտոնապես հայտարարում եմ՝ 2018-ից ի վեր Հայաստանը որևէ երրորդ երկրի հետ նման գործարք չի իրականացրել. Բալայան

Անորակ քաղաքական խաղեր մեջ փորձում են ներգրավել Պաշտպանության նախարարությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝  պատասխանելով զենքի ապօրինի վաճառքի գործում Հայաստանի իշխանությունների մասնակցության մասին հարցին։

«Անփառունակ պաշտոնատար անձը, որը փորձում է հիմա փառասիրաբար օգտագործել այդ փոքր ժամանակահատվածը և տիտղոսը, որոշակի հայտարարություններ է իրականացնում: Պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ 2018 թվականի ի վեր որևիցե երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության մասնակցությամբ, որևէ նմանատիպ գործարք տեղի չի ունեցել:

Բացի դրանից՝ խնդրում եմ հաշվի առնել, որ գոյություն ունի «Լիցենզավորման մասին» օրենք, որի 12.1 հոդվածը սահմանում է ռազմական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավահարաբերությունները: Այդ օրենքում փոփոխություններ տեղի են ունեցել, երբ Հայաստանի վարկանիշը իջնում էր միջազգային իր գործընկերների մոտ՝ կապված զենքի միջազգային առևտրի հետ: Դրանից հետո ընդունվել է Կառավարության համապատասխան որոշումը, որը խիստ կանոնակարգել է այդ բոլոր դեպքերը, սպառազինության ցանկն էլ է հաստատվել»,- հայտարարեց Գաբրիել Բալայանը։

Նրա խոսքով, նման գործարքների մասին հայտարարությունները ոչ միայն անբովանդակ են ու անհիմն, այլև քաղաքական շահարկումների հերթական շարան են. «Որևիցե նման բան տեղի չի ունեցել։ Դատարկ խոսակցություններ են։ Նորից պաշտոնապես հայտարարում եմ, որ 2018թ-ին կառավարության ձևավորումից հետո որևէ նման գործարք տեղի չի ունեցել, որին մասնակցել է ՀՀ կառավարությունը ի դեմս ՊՆ-ի»։

Ինչ վերաբերում է անպետք զենքերի ձեռքբերմանը և  նման գործարքին ՊՆ-ի մասնակցությանը, և հարցին, որ ներկայիս Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է փոխնախարար՝ արդյոք նման սխեմաների մասնակից եղել է,  Գաբրիել Բալայանն ասաց, որ պաշտպանության նախարարությունում Դավիթ Տոնոյանը զբաղեցրել է մի շարք պաշտոններ, երկար տարիներ եղել է փոխնախարար, և իր պաշտոնավարման ժամանակ չի եղել որևէ  անօրինակ գործողության մասնակից։

«Զինված ուժերի սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք է բերվում՝ համաձայն ԶՈւ-ի զարգացման պլանի և մի շարք այլ ծրագրերի: Սա խորը պլանավորված գործընթաց է, ես չեմ կարող այստեղ հայտարարել, որ դա անթերի գործընթաց է, հնարավոր է եղել են ձեռքբերումներ,  որոնք տեխնիկապես բարեփոխելու հնարավորություն են ունեցել, սա նորմալ եմ համարում: Ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն»,- ընդգծեց փոխնախարարը:

  • Կիսվել: