Մոսկվան պատրաստ է երկխոսության. Պեսկով
Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար նախադրյալներ դեռ չկան, թեև Մոսկվան պատրաստ է երկխոսության: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ Ուկրաինան ռազմականացվում է, եվրոպական պետությունները փորձում են ավելի շատ միջոցներ գտնել սպառազինություն ձեռք բերելու համար։
Մեկնաբանելով էներգետիկ զինադադար հաստատելու՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների կոչը, Պեսկովը նշել է. «Կիևը շարունակում է իր գործունեությունը, որն իր բնույթով բավականին ահաբեկչական է»։
Կրեմլի խոսնակը հավելել է՝ Վոլոդիմիր Զելենսկին տեղյակ է ինչ որոշումներ պետք է կայացնի խաղաղ կարգավորման հասնելու համար: Պեսկովը նորից պնդել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար Զելենսկին կարող է գալ Մոսկվա, նաև հավելել, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ:
Մինչ այդ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Թիրախում են հայտնվել Կիևը, Օդեսան, Զապորոժիեն և Խարկովը, հրդեհներ են բռնկվել բենզալցակայաններում և առևտրի կենտրոններում։ Վնասվել են պահեստներ, տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ և բնակելի շինություններ: Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մայրաքաղաքում:
Ռուսական կողմն էլ հայտնել է, որ Ռուսաստանի երկնքում գիշերը ուկրաինական 514 ԱԹՍ է խոցվել:



