երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լավրովը շեշտադրեց 7 շրջանները, սակայն խոսք չկար ԼՂԻՄ-ի մասին. Վահրամ Բալայան

Լավրովը շեշտադրեց 7 շրջանները, սակայն խոսք չկար ԼՂԻՄ-ի մասին. Վահրամ Բալայան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի կարծիքով լրատվամիջոցների հետ հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե «Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն են պատկանում», հակազդեցություն է Հայաստանի Հանրապետության որոշմանը՝ կապված եվրոպական քաղաքացիական դիտորդների հետ: 

Ըստ Վահրամ Բալայանի՝ Սերգեյ Լավրովը, փաստորեն, ներկայացնում է Հայաստանի հյուսիսային հարևան և դաշնակից երկրի մոտեցումները և նրա այդ խոսքը  դժգոհության արտահայտման ձև էր առ այն, որ եվրոպացի դիտորդների հետ կապված որոշումն ինչ-որ չափով ՌԴ իշխանությունների քաղաքականությանը չի համապատասխանում: 

«Բայց մի նրբություն էլ կա, որ պետք է նկատենք՝ Լավրովը շեշտադրեց 7 շրջանները, այսինքն՝ խորհրդային ժամանակաշրջանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին խոսք չկար: Սա նույնպես ՌԴ մոտեցման  մասին է խոսում, որ ԼՂ հարցը փակված չէ և այն լուծման անհրաժեշտություն ունի»,-ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: 

Հարցազրույցում Սերգեյ Լավրովն անդրադարձել էր նաև Ալմաթիի 1990թ. դեկտեմբերի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին: 

«Մեզ համար անգամ դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որովհետեւ Ալմաթիի հռչակագրում ասված է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ Հայկական ԽՍՀ-ն և Ադրբեջանական ԽՍՀ-ն: Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»,-մասնավորապես ասել էր նա: 

Վահրամ Բալայանն ընդգծեց, որ Ալմաթիի հռչակագրում առանձին ամրագրվել է Հայաստանի վերապահումն ու մոտեցումը, ըստ որի այս գործընթացը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից բխող հանգամանքին չի վերաբերում: 

«Դրա մասին շատ չի խոսվում, բայց այդ հանգամանը կա: Հնարավոր չէ, որ Ռուսաստանի արտգործնախարարը տեղյակ չլինի Հայկական կողմի այդ վերապահման մասին, որն առանձին ամրագրվել է Ալմաթիի հռչակագրում: Սերգեյ Լավրովը թեև փակագծեր չի բացում, սակայն կարծում եմ  նրա հայտարարությունն ինչ-որ ձևով բխում է հենց Ալմաթիի հռչակագրի այդ դրույթից, ըստ որի  նախկին ԼՂԻՄ-ի  տարածքը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ»,-հավելեց պատգամավորը:

  • Կիսվել: