շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյան, մտածիր իմ առաջարկի մասին․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Փաշինյան, մտածիր իմ առաջարկի մասին․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Արցախի ժողովրդի նկատմամբ պետական տեռոր իրականացնող պետությունը՝ Ադրբեջանը, մեր ժողովրդի ճակատին դաջում է տեռորիստի պիտակը: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը եւ նրան առաջադրված մեղադրանքներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի ժողովրդի նկատմամբ տեռոր իրականացնող պետությունն այսօր Ռուբեն Վարդանյանին է տեռորիստ անվանո՞ւմ: Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործերի հարուցումը,որը վերաբերում է տեռորիզմի ֆինասավորմանը, որ Ադրբեջանը իր վերջին վայրագությունները վերագրում է տեռորիզմի դեմ պայքարին, եւ այս բոլորի դեմ դուք լռո՞ւմ եք, ոչ մի արձագանք չեք տալիս, չէ որ սա ամրագրվում է մարդկանց մտքերում, միջազգային հանրության մեջ, նույնիսկ պետությունների մոտ, որոնք ինչ-որ բան են հասկանում: Բայց երբ որ լռութուն է հայկական կողմից, նրանք արդեն ընդունում են դա որպես փաստ, որպես իրականություն»՞

Բացի այդ՝ ԱԳ նախկին նախարարը նաեւ ընդգծել է, որ 30 տարի շարունակ որեւէ պետություն, միջազգային հանրությունը եւ նույնիսկ Ադրբեջանը չէր խոսել տեռորիզմի մասին. «Ուզում եք ասեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները երբ գալիս էին Արցախ, խոսում էին ղեկավարության հետ, տեռորիստների հետ էին խոսո՞ւմ, իսկապե՞ս: Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում: Ո՞ւր է արտաքին գործերի նախարար, ինչի՞ ձայն չի հանում: Մենք այսօր շատ ծանր ժամանակ ենք ապրում, մենք Արցախը հայաթափում ենք, որեւէ ժամանակահատվածում Արցախը չի հայաթափվել եւ այս ամենը արդյունք է ՀՀ իշխանությունների վարած սխալ քաղաքականության»:

Օսկանյանօ խոսքով՝ վերջին 5 տարիներին յուրաքանչյուր ճակատագրական սխալ անելուց Փաշինյանին խորհուրդներ են տրվել եւ դիվանագիտական եւ ռազմավարական, սակայն նա չի լսել, նա արհամարհել է:

«Նա արհամարհել է եւ ունեցել ենք այս արդյունքը: Մենք զոհ ենք, ահավասիկ, մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը: Նա չի կարողանում, եւ այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ են կանգնած, մենք մտնում ենք նոր ճակատագրական փուլ: Փաշինյան, դու խորհրդի կարիք ունես, այսօր քո բանակցային օրակարգը անկախ քեզանից գլխիվայր է փոխվել, երբ քեզ կոչ էր արվում ավելի հանգիստ պայմաններում փոխել արդ նարրատիվը, դու չարեցիր, այսօր դա անկախ քեզանից է փոխվել, ուղղակի դու դրա պատասխանը չունես, դու չգիտես՝ այս նոր պայմաններում ոնց վարվես, դու տապալել ես ամբողջ գործընթացը: Այսօր մենք զոհ ենք գնում երկու տարբեր հարթությունում տեղի ունեցող սխալների: Մեկը՝ զուտ ղարաբաղյան հարցում, բանակցությունների սխալ սկիզժ, սխալ ընթացք, իսկ ռուս-ուկրաինական հակամարտության սկսելուց հետո արդեն այդ հարթությունում ստեղծված հակամարտության պայմաններում քո հերթական արած սխալները»,-ասել է նախկին նախարարը:

Նա ընդգծել է, որ Հայաստանն այսօր կորցրել է իր բոլոր բարեկամներին՝ թե գլոբալ, թե տարածաշրջանային, այսօր Հայաստանի կողքին կանգնող չկա:

«Բայց այդ երկու հարթություններում էլ այսօր կարելի է ինչ-որ բան անել, գիտեմ, շատերին թվում է, որ դա փրփուրներից կախվել է, թեկուզ եւ փրփուրներից կախվել է, բայց մի բան պետք է անել: Մենք դիվանագիտական դաշտում անելիք ունենք, եւ կոնկրետ ղարաբաղյան բանակցություննների հարցում եւ գլոբալ հարաբերությունների կոնտեքստում»,-նշել է Օսկանյանը:

Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա հարց է ուղղել, թե որն է խնդիրը, որ որեւէ խորհուրդ չի լսում, եթե նրա անձնական անվտանգության խնդիրն է, Օսկանյանը կոչ է անում ընդդիմությանը հանդիպել Փաշինյանին, մինչեւ կյանքի վերջ երաշխիքներ տալ:

«Թո΄ղ հայրենիք փրկենք, թող ինչ-որ իրավիճակ փոխենք, դրա հավանականությունը այսօր կա, ես չեմ ուզում ինչ-որ փակագծեր բացեմ, ես կարող եմ մի քանի կետերով ներկայացնել, թե ինչ պետք է անել, կա այդ հնարավորությունը, բայց ես դա չեմ ուզում անեմ, նախկինում դա արել եմ, որովհետեւ դու չես ուզեցել կուլիսային հանդիպել եւ խոսել, բայց հիմա այնքան զգայուն են խնդիրները, որ չեմ կարող այդ փոքրիկ կետերը բացել: Այս ճակատագրական փուլում կի հատ սթափվեք, դուք քո թիմի հետ նստեք, խոսեք, որոշում կայացրեք, որպեսզի մենք կարողանանք, ինչ-որ մի բան փոխենք: Չենք կարող մենք Արցախ կորցնենք, սա մեր հողն է, մեր պատմական հողն է: Ադրբեջանը որեւէ հավակնություն այդ տարածքի հանդեպ չի կարող ունենալ, մենք այդ դուռը պետք է բաց թողնենք եւ այդ դուռը բաց թողնելու հնարավորությունն այսօր կա: Մտածիր իմ այս առաջարկի մասին»,-ասել է ԱԳ նախկին նախարարը:

  • Կիսվել: