Պարոն Վարդազարյանը հետ չի կանգնում այդ վարքից և իր գործողությունների մեջ որևէ խնդիր չի տեսնում․ Սուրեն Գրիգորյան
Ռուբեն Վարդազարյանն ակնհայտ քաղաքական հայտարարությամբ և մարտակոչով ներխուժել է քաղաքական գործընթացների դաշտ, և որոշ դեպքերում կարծիք կա՝ ապահովել է իրավական տանիք մի շարք վճիռների վերաբերյալ՝ կանխորոշվելով այդ վճիռները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարություններին։
«Պարոն Վարդազարյանը հետ չի կանգնում այդ վարքից և իր գործողությունների մեջ որևէ խնդիր չի տեսնում»,–ասաց նա։ «Իմ քայլը» պատգամավորներից Սուրեն Գրիգորյանն էլ ավելացրեց, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը «վնգստացող դատավորների» մասին նման բան է ասել, ապա պարտադիր չէ ԲԴԽ նախագահն այդ խոսքերը կրկնի և դրանով լեգիտիմացնի այդ կատեգորիան։
«Պարոն Վարդազարյանն ընտրվել է ԲԴԽ անդամ ապա նախագահ դատական իշխանության կողմից։ Ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ կառավարությունը որևէ դերակատարում չունի»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանի տան դիմաց ծաղկեպսակ դնելուն և հարցին, թե արդյոք հնձում են այն ինչ ցանել են, պատգամավորները նշեցին, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա դատապարտում են նման երևույթները և անընդունելի են համարում այդ գործելաոճը։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, Հայկ Կոնջորյանը նշեց, որ էլի քննարկումները կլինեն և երբ կլինի ինչ–որ իրավիճակ, որ ֆիքսվի համաձայնություն, դա կներկայացնեն։ «Դետալները այդ քննարկումների առարկա են հանդիսանում»,–ասաց նա և նշեց, որ այս պահին ավելին չի կարող ասել։
Իսկ Սուրեն Գրիգորյանը ավելացրեց․«Մենք չենք գնացել և չենք գնալու որևէ լուծման, որը շրջանցում է ժողովրդին և որը ենթադրում է, որ ժողովրդի կամքը ստորադասվում է ինչ–որ այլ առանձին քաղաքական ուժերի, կամ խմբերի կամքին և դիրքորոշմանը»,–ասաց նա։