Ով է Արցախի ապագա Գլխավոր դատախազը. Ռուբեն Մելիքյանի կարծիքը՝ նրա մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում Գուրգեն Ներսիսյանի թեկնածության հարցին։
«Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, և վաղն Ազգային ժողովը կքննարկի և որոշում կկայացնի նրա թեկնածության կապակցությամբ։
Այս հանգամանքը բնականորեն տեղեկատվական առիթ է դարձել Երևանյան լրատվականներին՝ Գուրգեն Ներսիսյանին սրա-նրա «մարդը» հայտարարելու համար։ Աչքովս ընկավ մի հրապարակում, որում Գուրգենին նույնիսկ հայտարարում էին մի Երևանյան «բարևազուրկ» սոռոսականի հովանավորյալը։
Իհարկե, Գուրգենին չճանաչողները ինչ-որ տեղ երևի կարող են նման կերպ մտածել, սակայն ճանաչողների համար դա ծայրահեղ զավեշտալի է հնչում։ Ճանաչողներից մեկն էլ ես եմ ու վկայում եմ, որ Գուրգենն այն քիչ մարդկանցից է, որ ինքն իրեն վտանգելով՝ փաստահավաքություն էր իրականացնում թե՛ երրորդ պատերազմի և թե՛ ապրիլյանի ընթացքում։ Մեծ նվիրումով ու առանց որևէ ակնկալիքի։ Գուրգենը նաև բարձր որակավորում ունեցող իրավաբան է և շատ պարկեշտ մարդ։
Ուստի լրատվամիջոցներին խնդրում եմ Գուրգենին չկապել նզովյալ մարդկանց շրջանակների հետ։ Գուրգենին էլ մաղթում եմ ամուր նյարդեր»,- ասվում է Մելիքյանի գրառման մեջ։