երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օտար ուժերին հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա․ Փաշինյան

Օտար ուժերին հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայտարարել, որ այդ պահին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը նշեց, որ ինքն այդ հայտարարությունը արել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերին Լեռնային Ղարաբաղում մնալու հնարավորություն ստեղծվի։

«Ես տեսնում էի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը դուրս գան րոպե առաջ։ Եվ իմ ուղերձն այն էր, որ պետք չի րոպե առաջ դուրս գալու մասին մտածել, որովհետև դուրս գալու սցենարը միշտ էլ կա՝ այսօր, վաղը։ Եվ այդ պահին ռազմական գործողությունները դադարեցված են եղել, ինչը չի նշանակում, որ մենք քաղաքական գնահատականը փոխել էինք էթնիկ զտումների վտանգի։ Իմ հայտարարությունից հետո չեմ հիշում Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության շրջանում սպանություններ եղե՞լ են, թե՞ ոչ։ Ցավալի դեպք եղավ բենզալցակայանի հետ կապված, որը էլի րոպե առաջ դուրս գալու տրամաբանության մեջ էր, երբ ամբողջ կառավարումը կորցնելով, մարդկանց ասում էին՝ գնացեք, այդ անգարներից բենզին վերցրեք՝ առանց վերահսկողության և առանց որևէ բանի»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը այդ օրերին տեսնում էր, որ արտաքին ուժեր կային, որոնք նաև դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին և նրանց աջակցում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը րոպե առաջ դուրս գան։ 

«Ի՞նչի համար, որովհետև հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկի մասին և տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար և նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել Հայաստան, որպեսզի այստեղ հեղափոխություն տեղի ունենա։ Եվ միջին վիճակագրական լրահոսի ընթերցողը սա կտեսներ և չի կարող չտեսնել մինչև օրս։ Եվ այդ նկրտումները շարունակվում են։ Չստացվեց՝ էլի կփորձենք»,- եզրափակեց Փաշինյանը։

  • Կիսվել: