ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոչ հարգանքի, ոչ վստահության տեղ չեք էլ թողում. Վահան Արծրունին՝ Բաբկեն Թունյանի առաջարկի մասին

Ոչ հարգանքի, ոչ վստահության տեղ չեք էլ թողում. Վահան Արծրունին՝ Բաբկեն Թունյանի առաջարկի մասին

Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ գույքահարկի բարձրացումից դժգոհող երևանցիների ֆեյսբուքյան ակցիայի վերաբերյալ գրառմանը։

Վահան Արծրունին, մասնավորապես, գրել է. «Քանի համացանցում տարածվում էր «Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է» ֆլեշմոբը, քանի դեռ նրան միանում էին մայրաքաղաքի էությունը, սիրտը և ոգին ներկայացնող մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ և պարզապես ազնիվ քաղաքացիներ, քանի դեռ պարոն Թունյանը հրավիրում էր մեզ` բնիկների շահերը ներկայացնող քաղաքացիներիս բաց քննարկման, ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունեց այս խայտառակ օրենքը նոր, ավելի բարձր գնացուցակով:

Պարոն Թունյան, ինչպե՞ս սրանից հետո ձեզ հետ որևէ հարց քննարկել: Երեսպաշտությունն ու պոպուլիզմը ձեր և ձեր նմանների նշանաբանն է: Ոչ հարգանքի, ոչ վստահության տեղ չեք էլ թողում:

Իսկ քեզ, սիրելի հանրություն, որը հակադրեց իրեն բնիկների իրավունքներին, շնորհավորում եմ` մեր անմիաբանության և առաջնայինը երկրորդականից չտարբերելու հետևանքները կքաղեք առաջիկա տարիներին, ստորև ներկայացվող գնացուցակով»:

Հիշեցնենք, որ երեկվանից սոցցանցերում սկսվել է ֆլեշմոբ՝ ընդդեմ գույքահարկի բարձրացման օրենքի։ Հասարակական-քաղաքական գործիչները «Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» գրությամբ ակցիա են սկսել՝ բողոքելով գույքահարկի բարձրացման դեմ։

Նշենք, որ ավելի ուշ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հրավիրել է ակցիայի մասնակիցներին ԱԺ՝ գույքահարկի թեման քննարկելու։

 

  • Կիսվել: