կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նվիրումը` անմահություն... Շուրա Մարկոսյան

Նվիրումը` անմահություն... Շուրա Մարկոսյան

2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում մեր հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:

 Նրանցից է Շուրա Մարկոսյանը: Շուրա Սուրենի Մարկոսյանը ծնվել է 1998 թվականի ապրիլի 9-ին, Մարտակերտի շրջանի Թբլղու գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: 2016 թ. ծառայության է անցել Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակներից մեկում, այնուհետև տեղափոխվել Ասկերանի զորամաս` որպես սերժանտ-դիրքի ավագ՝ պայմանագրային հիմունքներով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմից առաջ՝ սեպտեմբերի 25-ին, իջել էր դիրքերից, ինչպես միշտ անհամբեր սպասում էի նրան, այս անգամ նրա գալուն շատ էի սպասում. պետք է մեր տղայի 40 օրականը նշեինք: Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ արթնացա, Շուրաս ու տղաս իրար գրկած պառկած էին, այդ օրը պետք է գնար 15 օրով արձակուրդ վերցնելու, բայց, պայթյունների ձայնը լսելուն պես, հագավ համազգեստն ու գնաց, ասաց. «Պետք է գնամ ու հասնեմ զինակից ընկերներիս»:

Բնութագրությունը հասանալի չէ

Պատերազմի սկզբից Շուրան ու իր զինվորները մեկնել են Ակնայի մատույցները պաշտպանելու, երբ Ակնայում իրավիճակն արդեն մի քիչ կայունացել էր, նրանց հոկտեմբերի 1-ին տեղափոխել են Հադրութ։ Մասնակցել է Հադրութի Արա լեռ, Դուդուլ կոչվող տեղամասերի պաշտպանությանը։ Վերջին անգամ, երբ լսեցի նրա ձայնը, ասաց, որ իրավիճակն այդքան էլ լավ չէ, զգուշացրեց, որ եթե չզանգի չանհանգստանանք ու խնդրեց` մեր տղային լավ պահենք։

Բնութագրությունը հասանալի չէ

Զանգը ստացել ենք առավոտյան, իսկ գիշերը Հադրութի 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում թշնամին լայնածավալ գրոհ է սկսել, որտեղ Շուրան ու զինակից ընկերները շարունակում էին դիմակայել գրոհներին։ Հոկտեմբերի 10-ին թշնամու հրթիռահրետանային հարվածներից, չարաբաստիկ արկերից զոհվել են շատ տղաներ. նրանց մեջ` նաև իմ Շուրան։ 4 ամիս անց լուր ենք ստացել, որ ԴՆԹ փորձաքննությամբ գտել են Շուրային։ Նրա մարմինը բերել են մոր ծննդյան օրը՝ փետրվարի 10-ին», -«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հայրենասեր նվիրյալի այրին` Լիլիթը:

Բնութագրությունը հասանալի չէ

Շուրա Մարկոսյանը ԱՀ նախագահի հրամանագրով հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ նրա հիշատակը վառ պահելու համար Քոլատակ-Թբլղու տանող ճանապարհի միջնամասում աղբյուր-խաչքար է կառուցվել։ «Իմ հիշողություներում չկա մի վայրկյան, որ բացակա համարեմ ամուսնուս։ Փոքրիկիս այնքան եմ պատմում հոր մասին, նկարները ցույց տալիս, որ նրա հիշողություններում այնպես վառ տպավորվի, կարծես երկար տարիներ հոր քաղցրություն ու ջերմություն է ստացել», - ասում է Լիլիթը։

  • Կիսվել: