երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Լարված իրավիճակ Կիրանցում․ ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց

Լարված իրավիճակ Կիրանցում․ ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց

Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում այս պահին լարված իրավիճակ է: Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել գյուղի մուտքի մոտ, որոնք արգելում են պատգամավորների եւ այլ քաղաքացիների մուտքը Կիրանց:

Ոստիկաններին միացան մեծ թվով սեւբերետավորներ: Ոստիկաններն այս պահին արգելում են նրանց շարժվել դեպի Կիրանց՝ պատճառաբանելով, որ սահմանապահներն ինչ-ինչ աշխատանքներ են կատարում։

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը, որոնց ոստիկանները չթույլատրեցին գնալ Կիրանց, ստիպված եղան դաշտամիջյան շրջանցիկ ճանապարհով գնալ Կիրանց: 

Հիշեցնենք, որ նախօրեին կիրանցիները կոչ էին արել, որ քաղաքական գործիչները, պատգամավորները գյուղ մեկնեն: 

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը` հայտարարելով, որ. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»:

Նշենք, որ այս պահին մշակույթի գործիչներ էլ են մեկնել Կիրանց, որոնց մուտքը նույնպես արգելվել է:

  • Կիսվել: