Նախագահը Հանրապետության տոնի առթիվ պարգևատրեց 19 զինծառայողների և կամավորականների
Սարդարապատի հուշահամալիրում նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ հանձնեց 19 զինծառայողների և կամավորականների:
Պարգևատրման արարողության ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Կառավարության անդամները, պատգամավորներ և օտարերկրյա դեսպաններ:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրված զորամասի ծառայությունների պետ, ավագ լեյտենանտ Արտակ Սիմոնյանը ասաց, որ 44-օրյա պատերազմին 2-րդ բանակային կորպուսի կազմում մասնակցել է Քարվաճառի մարտերին:
« 44-օրյա պատերազմի ընթացքում այդ հատվածում նահանջ չի եղել, բոլորը կանգնել են մինչև վերջ, պայքարել են մինչև վերջ, կռվել են մինչև վերջ: Ամեն մի զինծառայող, կամավորական և պահեստազորի անդամ մտածել է, որ հաղթանակը կախված է իրենից և ինքը պետք է այդ հաղթանակը կերտի: Գործել է ազգային գաղափար, գոյատևման գաղափար:
Շատ թերություններ կախված չէին զինծառայողներից կամ սպաներից, իսկ եթե մեր կողմից թերություններ եղել են, դրանք արագ շտկվել են: Եթե թշնամու օդային գերակայության խնդիրը լուծվեր, մնացած խնդիրները հաստատ կկատարեինք:
Ինչ վերաբերվում է ապագային, ապա պետք է ատամները սեղմել, գլուխներս կախ աշխատել: Ինչքան հնարավորություն ու ներուժ ունենք, պետք է ծառայեցնենք հանուն մեր երկրի և հանուն մեր ազգի: Այլ տարբերակ չունենք»,- նշեց Սիմոնյանը:
44-օրյա պատերազմին մասնակցած կամավորական, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրված Ոսկան Գյուլումյանի որդի Հրանտ Գյուլումյանը պատմում է, որ իր հայրը մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին:
«Հայրս մասնակցել է դեռ արցախյան առաջին պատերազմին՝ լինելով Հայոց ազգային բանակի հրամանատարներից մեկը: ՀԱԲ-ից հետո ընդգրկվել է հատուկ գնդում՝ զբաղեցնելով վաշտի հրամանատարի պաշտոնը: 44-օրյա պատերազմին նույնպես մասնակցել է և զոհվել Ջրականի պաշտպանական մարտերի ժամանակ: Կյանքը շարունակվում է, պետք է հպարտանանք մեր հերոսներով, պետք է գլուխներս բարձր պահենք և առաջ շարժվենք՝ շարունակելով նրանց արդար պայքարը և գործը: Սգալ պետք չէ»,- ընդգծեց Հրանտ Գյուլումյանը:
Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվեց զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ զորամասի բաժնի պետ, գնդապետ Հովիկ Աբրահամյանը, հետմահու պարգևատրվել է կամավորական Ոսկան Գյուլումյանը, «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով հետմահու պարգևատրվել է զորամասի հաշվարկի հրամանատար, ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ Աշոտ Պետրոսյանը, «Հայրենքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է կամավորական, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը և այլք: