երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մոտակա երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում իրավիճակը հանգիստ չի լինի. Ռուբեն Սաֆրաստյան

Մոտակա երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում իրավիճակը հանգիստ չի լինի. Ռուբեն Սաֆրաստյան

 Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության առաջին փուլն ավարտված է. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա հստակեցրեց՝ հակամարտության տակտիկական փուլն է ավարտվել և այժմ այն տեղափոխվում է ռազմավարական հարթություն:

«Ռազմավարական հարթության փուլում շատ կարևոր խնդիրներ կքննարկվեն, որոնցից մեկը հետևյալն է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ հստակ հայտարարել է, որ ամեն ինչ կանի՝ վերջ տալու ամերիկյան զինված ուժերի ներկայությանը Մերձավոր Արևելքում: Սա իսկապես ռազմավարական կարևոր նպատակ է, որն իր առջև դրել է Իրանը», -ասաց Սաֆրաստյանը:

Արևելագետը օբյեկտիվ է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ պակասեցնել աշխարհի տարբեր մասերում գտնվող ամերիկյան զինուժի ծավալները: Սակայն, ըստ նրա, Թրամփի այդ նպատակները չի կիսում ԱՄՆ բարձրաստիճան դեմքերը և այդ հարցում ԱՄՆ նախագահը աջակցություն չունի:

«Մերձավոր Արևելքում ամերիկացիները ռազմական շատ լուրջ ներկայություն ունեն և ըստ էության, Իրանը շրջապատված է ամերիկյան զինված ուժերով, եթե Իրանը դնում է այսպիսի խնդիր, և նաև այն դեպքում, երբ ԱՄՆ վերնախավը չընդունի Թրամփի մոտեցումը, ապա բախումը երկու երկրների միջև կտեղափոխվի ռազմավարական հարթություն: Այնպես որ ես կարծում եմ՝ մոտակա երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում իրավիճակը հանգիստ չի լինի»,- ընդգծեց արևելագետը:

  • Կիսվել: