շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մոսկվան կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ գնալու հետ. Սերգեյ Լավրով

Մոսկվան կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ գնալու հետ. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կապ չունի վերջերս ՌԴ քաղաքացիությունից հրաժարված միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ գնալու և այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ։ Այս մասին Լավրովն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պարոն Վարդանյանը ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ, և ռուսական իշխանությունները ոչ մի կապ չունեն նրա հետ։ Նրա խնդրանքով օրերս ստորագրվել է նախագահի հրամանագիրը՝ նա այլեւս Ռուսաստանի քաղաքացի չէ։ Եվ որևէ գործ՝ կապված նրա՝ Ղարաբաղ ուղարկելու և քաղաքական կյանքին մասնակցելու որոշման հետ, չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ», - ասաց նախարարը։

Նշենք, որ Բայրամովն ասուլիսի ընթացքում ասել էր՝ Վարդանյանը անհապաղ պետք է լքի Լեռնային Ղարաբաղը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Վարդանյանը հայտարարել էր, որ համաձայնել է ստանձնել Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը։

Դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը բավարարելու մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: