կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միշտ էլ, որպես քոչվոր ազգ, մեր ունեցվածքի վրա աչք են ունեցել. Արցախի թեմի առաջնորդն՝ Ադրբեջանի կողմից իրագործվող վանդալիզմի մասին

Միշտ էլ, որպես քոչվոր ազգ, մեր ունեցվածքի վրա աչք են ունեցել. Արցախի թեմի առաջնորդն՝ Ադրբեջանի կողմից իրագործվող վանդալիզմի մասին

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային հուշարձանների, հայկական եկեղեցիների ոչնչացման գործընթացը՝ պնդելով, թե եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են: Ադրբեջանի կառավարության կարծիքով` «հայերը հետքեր են թողել ադրբեջանական հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն», ու դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ են ստեղծել:

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցանկանում է այցելել Արցախ, Բաքվում ստեղծվեց պետական հանձնաժողով՝ ապացուցելու, որ Արցախում հայկական հուշարձաններ չկան:

Արցախի օկուպացված տարածքների հայկական պատմաճարտարապետական հուշարձանների կորստի վտանգի առնչությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր մտահոգությունները հայտնեց, նշելով, որ այս փուլում բողոքի ձայն են բարձրացնում տարբեր հարթակներում.

«Հիմա ուրիշ ի՞նչ պիտի կարողանանք անել: Այն, ինչ-որ ադրբեջանցիները հիմա անում են մեր մշակութային ժառանգության հետ, մեզ համար նորություն չէ: Միշտ էլ, որպես քոչվոր ազգ, մեր ունեցվածքի վրա աչք են ունեցել: Այսօր էլ նույնը շարունակվում է:  Պիտի խելքի գանք, որ հասկանանք՝ ինչպես պահել մեր ժառանգությունը: Ուրիշն ինչո՞ւ պիտի գա ասի՝ ես եկել եմ պահեմ: Ադրբեջանի ղեկավարությունն իր մտադրությունները, ծրագրերն արդեն պատրաստում է, նրանք գիտեն իրենց ազգային մշակութային ռազմավարությունը: Անկախ նրանից, թե արտաքին դիվանագիտական, կրոնական ինչ հանդիպումներ են լինում, իրենք կա՛մ կրավորական դիրք են բռնում, կա՛մ ասում են՝ կմտածենք: Արդյունքում անում են այն, ինչ ծրագրել են»:

Մշակութային ժառանգության պահպանման հարցի շուրջ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ կրոնական մեկ հանդիպում տեղի է ունեցել 2021թ. հոկտեմբերի 11-ին, Մոսկվայում:  Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այս հանդիպմանը բարձրաձայնեց մասնավորապես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ճակատագրի հարցը: Հույս կար, որ այն կպահպանվի: Այսօր ադրբեջանցիների ախորժակն այնքան է մեծացել, որ ցանկանում են զավթել Արցախի օկուպացված տարածքների բոլոր մշակութային կոթողները:

Սրբազանի խոսքով՝ ադրբեջանցիների համար այդ հանդիպումները ոչինչ են, նրանք անտեսում են նույնիսկ տարբեր միջազգային կազմակերպությունների կոչերը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի:

«Իրենք իրենց գործն են անում, իրենց ձեռագիրը չեն փոխում, որը պետք է ՝ քանդում են, փոխում են, որը պետք է՝ ոչնչացնում: Մենք չենք կարողանում մեր գերիներին վերադարձնել. պատերազմը ե՞րբ է ավարտվել, մարդիկ Բաքվում կենդանի հուշարձաններ են դարձել, չգիտես, թե ինչ ֆիզիկական եւ հոգեւոր տանջանքների են ենթարկվում: Ամբողջ աշխարհն ասում է՝ բա՛ց թողեք գերիներին, իրենք չեն թողնում»,-ասաց տեր Վրթանեսը:

Շեշտում է՝ նման իրավիճակում պետք է ինքներս մեզ ապավինենք: Արցախի իշխանություններն, ըստ նրա, ամեն ինչ անում են ադրբեջանական կողմի այս վայրագությունները կանխելու համար:

«Պետք է խելք հավաքենք, ճիշտ աշխատենք մեր ազգային, կրոնական ինքնությունը պահպանելու համար: Մեր հայրերի ստեղծածն է, որ թողել են մեզ որպես ժառանգություն: Անփույթ ենք գտնվել, չենք կարողացել պահել, հիմա էլ ստանում ենք այն, ինչ ստանում ենք: Ես չեմ կարող վստահաբար ասել, որ Շուշիի եկեղեցին կպահպանվի: Ձեր նշած եռակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն ասաց՝ իտալացի մասնագետներ են եկել վերանորոգման համար: Բայց մենք գիտենք, տեսել ենք, թե ադրբեջանցու կողմից վերանորոգում հասկացությունն ինչ է նշանակում. մեր դաշտային Արցախը, Նախիջեւանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն ավիրել են: Այսօր պետք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի  այն մասին, որ այլեւս տալու բան չունենք թշնամուն: Եթե ամեն մարդ իր մեջ նման հստակ որոշում կայացնի, դա կդառնա ազգային դաշինք, ազգի հետագա ճակատագիրն ու անվտանգությունը կարգավորելու «փաստաթուղթ»: Եթե չանենք, կմնանք այսպես բզկտված»,- եզրափակեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:

  • Կիսվել: