հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մինչև հիմա Արցախի իշխանությունները «սաղ մեղքը գցում էին Հայաստանի վրա», իսկ Սամվել Բաբայանը ասում ա՝ ես կբանակցեմ. Գագիկ Մելքոնյան

Մինչև հիմա Արցախի իշխանությունները «սաղ մեղքը գցում էին Հայաստանի վրա», իսկ Սամվել Բաբայանը ասում ա՝ ես կբանակցեմ. Գագիկ Մելքոնյան

Սամվել Բաբայանը կարող է իրավիճակը շտկել Ղարաբաղում եւ պատասխանատվություն վերցնել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը և հավելում․ «Ոչ թե իշխանություն վերցնի ու նորից ամեն ինչ բարդի Հայաստանի վրա, Հայաստանի իշխանությունների վրա»:

Վերջինս նշեց, որ ըստ մամուլի և իրենց փորձագետների՝ Ռուբեն Վարդանյանը գործուղվել է Մոսկվայի կողմից, որպեսզի նաեւ դառնա Արցախի նախագահը: 

«Բայց քանի որ չստացվեց, ԼՂ իշխանություններն իրեն պաշտոնից հանելու են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է լուրերին, որ ՀՀ իշխանությունները Սամվել Բաբայանին են գործուղել Արցախ, որ նա զբաղեցնի պետնախարարի պաշտոնը, վերջինս էլ երեկ հայտարարել է, որ իրեն 100 օր է պետք Արցախում իրավիճակը շտկելու համար, Գագիկ Մելքոնյանն ասաց, որ Սամվել Բաբայանը Արցախում մեծությամբ երկրորդ կուսակցության նախագահն է, ով ցանկացած պահի կարող է լինել Արցախում եւ զբաղվել իր կուսակցության խնդիրներով:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը չի գործուղել Սամվել Բաբայանին՝ գնալ Արցախ, ինչ-որ պաշտոնների: Ուղղակի Սամվել Բաբայանն ասաց՝ 100 օր ինձ նշանակեք ԼՂ ոչ թե առաջին դեմք, այլ երկրորդ, եւ ես 100 օրում փոփոխություն կմտցնեմ թե ժողովրդի կյանքում, թե բանակցությունների հետ կապված: Ես 100 օրում ցույց կտամ, որ կարող ուժ եմ դա անելու: Ես հավատում եմ, որ Սամվել Բաբայանը կարող է դա կազմակերպել, որ թե իշխանությունը, թե ժողովուրդը միասնական լինեն»:

Գագիկ Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ Սամվել Բաբայանի դեպքում Ադրբեջանը կհամաձայնի բանակցել Արցախի հետ. «Մինչեւ էսօր ԼՂ իշխանությունները միշտ պատասխանատվությունն իրենց վրայից գցել են: Թող պատասխանատվություն մեկը վերցնի իր վրա, որը կարող է թե ժողովրդի, թե ամեն ինչի համար պատասխանատվություն կրել: Իրենց համար ամենահեշտն այն է, որ մեղքը գցեն Հայաստանի վրա: Ամեն ինչու մեղքը գցում են Հայաստան վրա, այն դեպքում, երբ Հայաստանն ասում է, որ միջազգային կառույցների մասնակցությամբ պետք է Ստեփանակերտը բանակցի Բաքվի հետ: Իրենք խուսափում են, փախչում են, ո՞ւր պետք է փախչեն: Ասում են՝ Հայաստանը պետք է գա: Բայց Հայաստանի մտնելու դեպքում էլ արդեն Հայաստանի տարածքների բազար է լինելու, կորուստ է լինելու: Ամբողջ աշխարհն իրենց ասում է՝ եկեք նստեք բանակցեք մեր ներկայությամբ: Իսկ Սամվել Բաբայանն ասում է՝ ես կարող եմ բանակցել: Վերջապես ԼՂ իշխանությունները պետք է մի պատասխանատվություն վերցնե՞ն իրենց վրա, թե՞ միայն Հայաստանից գումարներ ստանալն ու դա ծախսելն է: Բա պատասխանատվություն կրեք: Երկու տարի անցել է, գոնե մի գազապաստարան սարքեիք, պաշարներ ստեղծեիք»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

 

  • Կիսվել: