ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մինչ զբաղված ենք ներքաղաքական գզվրտոցով, ղարաբաղյան հակամարտության շուրջ կրկին տեղի են ունենում չափազանց ուշագրավ զարգացումներ․ Արման Աբովյան

Մինչ զբաղված ենք ներքաղաքական գզվրտոցով, ղարաբաղյան հակամարտության շուրջ կրկին տեղի են ունենում չափազանց ուշագրավ զարգացումներ․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Նա մասնավորապես նշել է, որ մինչ Հայաստանում հիմնականում զբաղված են ներքաղաքական, իր բնորոշմամբ՝ գզվրտոցով, ղարաբաղյան հակամարտության շուրջ կրկին տեղի են ունենում չափազանց ուշագրավ զարգացումներ, որոնք կարիք ունեն պարզաբանման ոչ միայն մեր ԱԳՆ-ի, այլ նաև համանախագահների կողմից։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Մինչ Հայաստանում հիմնականում զբաղված ենք ներքաղաքական գզվրտոցով, ղարաբաղյան հակամարտության շուրջ կրկին տեղի են ունենում չափազանց ուշագրավ զարգացումներ։ Ես չեմ վերլուծի ստեղծված իրավիճակը բանակցային գործընթացի շուրջ, քանի որ վերլուծելու նյութ պարզապես չկա ( բացի իշխանության ընդհանուր դեկլարատիվ հայտարարություններից), սակայն նշեմ մի քանի փաստ,որոնք, ըստ իս, կարիք ունեն պարզաբանման, և ոչ միայն մեր ԱԳՆ-ի կողմից, այլ այս պարագայում նաև համանախագահների։

Խնդրում եմ սա չընկալել որպես դավադրությունների տեսության հերթական դրսևորում, նամանավանդ որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող իրադարձությունները գրեթե միակ «կետն է»,որտեղ բոլոր հայերը պետք է հանդես գան միասնական դիրքորոշմամբ։

1-Ժնևում անցավ բանակցությունների բավականին երկար փուլ, սակայն հստակ տեղեկության պակասությունը թույլ չի տալիս նույնիսկ ենթադրել բանակցությունների ուղղության մասին ինչը իր հերթին առաջացնում է տարատեսակ ասեկոսեներ և մանիպուլյատիվ ստեր։

2- Համանախագահ պետությունների դեսպանները (որոնք հավատարմագրված են Ադրբեջանում) հանդիպում են այսպես կոչված` «ադրբեջանցի փախստականների» ղեկավարների հետ։ Ճիշտ է, պետք է ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության դեսպանն առայժմ նմանատիպ հանդիպում չի ունեցել։

3-Ասվում է, որ քննարկվում են «հումանիտար» նախաձեռնություններ...հստակ, ինչի՞ մասին է խոսքը: Սա պետք է անպայման հստակեցվի։

Կրկին հորդորում եմ իշխանության պատասխանատուներին, բացի ընդհանուր «լավ-լավ» բառերից մաքսիմալ հստակ տեղեկություններ տրամադրել հանրությանը, իհարկե, հաշվի առնելով, դիվանագիտական լռության կանոնները»։

  • Կիսվել: