Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի. Փաշինյան
Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. « Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ միայն ոչ ոք զենք չի վաճառի, ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում միջազգային հանրության տեսակետից կդարձնենք թիրախ։ Ուրիշ բան է, որ ասում ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատը իմն է, պիտի գնամ, հետ բերեմ, այլ բան է՝ երբ ասում ես՝ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածը իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն է, և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ՝ իմ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, ավելին, միջազգային օրենքներով ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»։
Փաշինյանը նաև հավելել է. «Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետն անցած զենքեր, ինչը երկար տարիներ մեզ հետ տեղի է ունեցել: Արարատն ու Արագածը ձեզ թվում է, մտավարժա՞նք է, դա լրջագույն ռազմավարական հարց է: Մեզ թվացել է, թե քարտեզի որ կետին նայենք, կարող ենք ասել, սա մեր հայրենիքն է: Եթե մեր խոսույթն էն լինի, որ Արարատի նկարով գնանք, ասենք զենք տվեք, ոչ ոք չի տալու, որովհետև ոչ մեկը չի ուզում առավել ևս մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել»: