Կերչում բացվել է Թամանյան 89–րդ հայկական դիվիզիայի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթող
Կերչում բացվել է Թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հերոսներին և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ և ռուս ժողովուրդների միասնությանը նվիրված հուշահամալիր։ Այս մասին հաղորդում է քաղաքային վարչակազմի Telegram-ալիքը, գրում է sputniknews.ru-ն:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ղրիմի Պետխորհրդի պատգամավորներ Օլեգ Կրիշտալը և Եվգենի Մասյուտկինը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Իվանովան, քաղաքային խորհրդի պատգամավորներ, քաղաքի վետերաններ, կամավորներ: Ներկա են եղել նաև Խորհրդային Միության հերոս, 89-րդ դիվիզիայի ավտոմատավորների վաշտի հրամանատար Հարություն Մկրտչյանի դուստրն ու թոռնուհին՝ Վարսիկ Մկրտչյանը և Քրիստինա Հայրապետյանը, Ղրիմի ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռուսլան Յակուբովը:
Արարողության ընթացքում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են թամանցիների և բոլոր խորհրդային զինվորների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհաբերել ընդհանուր հաղթանակի համար:
Կուտուզովի և Կարմիր աստղի շքանշանակիր 89-րդ հայկական հրաձգային Թամանյան Կարմիր դրոշի դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում՝ որպես 474-րդ հրաձգային դիվիզիա, իսկ դեկտեմբերի 26-ին վերանվանվել է 89-րդ։ Պատերազմին սկսել է մասնակցել 1942 թվականի օգոստոսի 10-ին՝ Կովկասի համար մղված ճակատամարտում։ Թամանի ազատագրման համար ստացել է «Թամանյան» պատվավոր կոչումը, Կերչի համար՝ Կարմիր աստղի շքանշան, Սևաստոպոլի համար՝ Կարմիր դրոշի շքանշան, Բեռլինի համար՝ Կուտուզովի II աստիճանի շքանշան։ Պատերազմի ընթացքում դիվիզիայի ավելի քան 7 հազար մարտիկներ են պարգևատրվել, նրանցից 9-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ։



