շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միջուկային մարտագլխիկն Իրանին կտա տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունը փոփոխելու հնարավորություն

Միջուկային մարտագլխիկն Իրանին կտա տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունը փոփոխելու հնարավորություն

Երբ Վաշինգտոնում վերջերս հանդիպեցին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը, պարզ դարձավ, որ նրանց քննարկման գլխավոր առարկան եղել է Իրանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի խոսքերով, հարկավոր է, որ կողմերը փակ դռների հետեւում գտնեն փակուղուց դուրս գալու ելքեր, միջուկային խնդիրը լուծելու եղանակներ: Այն օրից ի վեր, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ը դուրս բերեց Իրանի հետ կնքված միջուկային միջազգային գործարքից, Իրանը զարկ է տվել ուրանի հարստացման աշխատանքներին եւ արգելում է միջազգային դիտորդների մուտքը միջուկային իր հաստատություններ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետն, իր անհանգստությունն արտահայտելով այս հարցում, հայտարարեց, թե Իսրայելն ունի համբերության բաժակ, որը կարող է լցվել: «Եթե այլ պետությունների համար այս հարցը կարեւոր չէ, ապա Իսրայելը չի կարող հանդուրժել, որ Իրանն ունենա միջուկային զենք»,- հայտարարեց նա: ՄԱԿ-ի միջուկային հարցերով գործակալության տվյալներով, Իրանն ուրանն այսօր հարստացնում է մինչեւ 60 տոկոս:

Սակայն մինչեւ 90 տոկոսի հարստացումն արձանագրելը դժվար գործընթաց է: Էհուդ Բարաքի խոսքերով, որը նաեւ եղել է Իսրայելի պաշտպանության նախարարը, ասում է, թե միջուկային զենք պատրաստելու համար 60-ից 90 տոկոսի անցումը շատ կարճ ժամանակ է պահանջում: «Այն կարող է իրականացվել մեկուսացված մի վայրում, քաղաքացիական բնակչությամբ մի քանի տարբեր վայրերում, կամ էլ հին հանքերում»: Նա կարծում է, որ այդ դեպքում Իրանը կկարողանա միջուկային մարտագլխիկներ տեղադրել իր հրթիռների վրա: Անցած տարիների ընթացքում Իսրայելը դիվերսիոն մի քանի հարձակումներ է իրականացրել Իրանի միջուկային ծրագրի դեմ: Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է ռազմական հարված հասցնելու հնարավորության մասին: Սակայն նման որեւէ գործողություն կարող է իրականացվել միայն այլ տերությունների հետ համաձայնության դեպքում, ասում են փորձագետները:

«Իսրայելն ունի ԱՄՆ-ի ռազմավարական եւ լոգիստիկ աջակցության, եվրոպական երկրների քաղաքական աջակցության կարիքը»,- ասում է Իրանի հարցերով փորձագետ Մենաշե Ամիրը: Եթե Իրանին ի վերջո հաջողվի ստանալ միջուկային զենք, ինչպես քաղաքական վերլուծաբաններն ու մի շարք երկրների առաջնորդներ են ասում, Թեհրանը կստանա տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունը փոփոխելու հնարավորություն: 

  • Կիսվել: