երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային հանրությունն աջակցում է ԿԸՀ «Սերտած դասեր» գործընթացներին

Միջազգային հանրությունն աջակցում է ԿԸՀ «Սերտած դասեր» գործընթացներին

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստանում ընտրական գործընթացներին աջակցություն-3» ծրագրի հետ գործընկերությամբ՝ իրականացրել է «Սերտած դասեր» խորագիրը կրող միջոցառումների շարք՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական կողմին վերաբերող մի շարք հարցեր։ 

ՀԸԳԱ-3 ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ﬕության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Շվեդիայի կառավարության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողﬕց:

Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը։

Միջոցառումների հիմնական նպատակն էր բացահայտել առկա խնդիրները, բացերը և գտնել դրանց լուծման ուղիները, ինչպես նաև վեր հանել ուժեղ կողմերը և դրանց հետագա բարելավման հնարավորությունները։

Սա իրականացվեց տարբեր շահառուների հետ անցկացված մի շարք առանձին «սերտած դասեր» վարժանքների միջոցով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) փորձագետների և ԿԸՀ ՏՏ վարչության մասնագետների, ընտրողների նույնականացման սարքավորումները սպասարկող մասնագետների, ընտրական հանձնաժողովների անդամների, ինչպես նաև ֆոկուսային խմբերի հետ։

Նշված միջոցառումների և քննարկումների արդյունքները ներկայացվել են այսօր «սերտած դասեր» ամփոփիչ միջոցառմանը, որը շարունակվել է պանելային քննարկմամբ և հարց ու պատասխանի ձևաչափով։

Միջազգային դոնոր համայնքի ներկայացուցիչները բարձր գնահատեցին «սերտած դասեր» միջոցառումների կարևորությունը, քանի որ «ուժեղ և թույլ կողմերի քննարկումն ու բացահայտումը հետագա պլանավորման և ինստիտուցիոնալ բարելավման հիմանական տարրերն են»։

ՀԸԳԱ-3 ծրագիրն աջակցել է իշխանություններին Հայաստանում արժանահավատ և թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացման գործում և շարունակում է տեխնիկական աջակցություն ցուցաբերել հետընտրական շրջանում՝ ուղղված ընտրական մարմինների կարողությունների ամրապնդմանը։

  • Կիսվել: