երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մեր բոլորի աչքի առաջ աշխարհակարգը փլուզվում է․ Փաշինյան

Մեր բոլորի աչքի առաջ աշխարհակարգը փլուզվում է․ Փաշինյան

«Մենք պետք է իլյուզիաներ չունենանք, որովհետև Ղարաբաղի հարցի ամենամեծ պրոբլեմներից մեկը ո՞րն է եղել և շարունակում է մնալ, որ դրա լուծման այս կամ այն բանաձևը միայն մեզանից չէ կախված։ Ես ուզում եմ, որ մենք խորը ընկալենք այս նրբությունը»,- ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Պետականության կշիռը, քաշը, աստիճանը, կայացվածությունն այստեղ է շատ կարևոր, թե քո տեսակետը ինչքանով կարող ես առաջ մղել՝ առանց վնասելու ինքդ քեզ։ Այստեղ շատ կարևոր նրբություններ կան, բայց մենք ի վերջո պետք է սկսենք խոսել այս թեմայով և կարողանանք պատճառահետևանքային կապերը ճիշտ ու հստակ ընդգծել։ Հայեցակարգը հայեցակարգ, բայց այդ հայեցակարգի իրականացումը միայն մեզնից չէ կախված։ Բարդությունը այն է, որ եթե անգամ գնանք ոչ թե պատմական արդարության, այլ պատմական իրողությունների հետևից, այդ պատմական իրողություններն էլ այնպես չէ, որ իրենք ինչ-որ մի կոնկրետ ու տեսանելի տեղ տանում են։ Այդ պրոցեսը պետք է անընդհատ կառավարվի»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝  պետք է գտնել ճիշտ բալանսը, որտեղ կարող ենք հանգել ինչ-որ լուծումների։ «Եվ ես կարծում եմ, այո, մեր առաքելությունը դա է՝ գնալ ինչ-որ լուծումների և երկարաժամկետ խաղաղություն ապահովել ՀՀ ու տարածաշրջանի համար։ Բայց դա չի նշանակում, որ կա երաշխիք, որ մենք դա կարող ենք անել, ամենատարբեր պատճառներով դա կարող է չկարողանանք անել։ Օրինակ՝ ի՞նչ պատճառներ կարող են լինել, պատճառ առաջին՝ մեր ժողովուրդը կարող է ասել՝ ոչ, դա մեզ համար ընդունելի չէ։ Պատճառ երկրորդ՝ միջազգային կոնյունկտուրան թույլ չտա, որ դա տեղի ունենա։ Եկեք առերեսվենք իրականությանը և ասենք, որ մեր բոլորի աչքի առաջ աշխարհակարգը փլուզվում է։ Եվ ի՞նչ է լինելու դրա արդյունքում, այստեղ մեզնից կրկնակի ու եռակի ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք այս փոթորիկը հաղթահարել։ Ամենակարևորն է, որ մարդկանց հետ պետք է լրջագույն հաղորդակցության մեջ լինել, ես կարծում եմ՝ մենք ունենք այդ հնարավորությունը՝ խոսելու մարդկանց հետ, լսելու մարդկանց և կայացնել լեգիտիմ որոշումներ՝ որպես լեգիտիմ իշխանություն»,- հավելեց նա։

  • Կիսվել: