կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

Մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

Տարակուսած եմ «միանալո՞ւ եք» հարցից, որովհետև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցին, թե միանալու են որպես քաղաքական ուժ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը։

«Մշտապես հայտարարել ենք, որ աջակցում ենք և բոլոր քաղաքական ուժերին  կոչ ենք անում միանալ շարժմանը։ Սա իշխանության համար շարժում չէ, սա ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության համար շարժում է։ Սա իշխանության պահանջ չէ, սա ժողովրդի ձայնն է։ Մենք շարժման մի մասն ենք, ինչպես բոլորը, որ քայլում են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, Մայր Աթոռի հոգևորականների օրհնությամբ կազմակերպվող այդ շարժմանը»,-ասաց նա։

Հարցին՝ Շարժումը իշխանափոխության, Փաշինյանի հրաժարականի պահանջ չի դնում, հետագայում պահանջը կվերափոխվի, նա պատասխանեց․ «Ես հույս ունեմ՝ իրենք կհասկանան, որ չեն կարողանում լուծել ՀՀ առջև ծառացած մարտահրավերները որքան էլ ջանք են թափում։ Իրենք ասում են՝ ամեն ինչ անում են, բայց որևէ արդյունք չեն ապահովում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ականների հայտարարություններին, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը և նրան միացած գործիչները փորձում են Հայաստանը դարձնել ծայրագավառ և փորձում են հեղաշրջում իրականացնել, նա պատասխանեց․

«Այս իշխանությունները 2 փուչիկ են փչել վերջին մի քանի տարրիների ընթացքում․ փուչիկներից մեկը որը պայթեցրեց ուրբաթ օրը Աննա Վարդապետյանը, այն է, որ որևէ օտար ուժ Հայաստանում հեղաշրջում է ուզում իրականցնել, նա հերքեց դա և ասաց՝ ընդհանրապես հեղաշրջման փորձ չի եղել։

Այս իշխանությունները հոգով սրտով բոլշևիկներ են՝ 37 թվին ում բռնում էին վրան մի հատ շպիոնի շտամբ էին խփում, որ ցույց չտան, հերքեն, որ երկրի ներսում կա իրենցից դժգոհություն, ամեն ինչը վերագրում էին օտար ուժերին։ Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞ ուժ որն ուզում է Հայաստանը դարձնել ծայրագավառ, բայց տեսնում եմ, որ ՔՊ-ն ուզում է Հայաստանը դարձնել վիլայեթ, դրա համար հաճույքով Փաշինյանը գնացել էր Էրդողանի երդմնակալությանը նստել էր Ալիևի հետևը և նայում էր Ալիևի ծոծորակին»։

  • Կիսվել: