ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարուքյանը ՌԴ իրավապահ մարմիններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ՌԴ օրենսդրության խախտման դեմ

Մարուքյանը ՌԴ իրավապահ մարմիններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ՌԴ օրենսդրության խախտման դեմ

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի հետ կապված խնդիրների առնչությամբ երկուշաբթի օրը ռուսական կողմի համապատասխան մարմիններին նամակ կփոխանցի:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչպես տեղյակ եք, մոսկովյան "Ֆուդ Սիթի" վաճառքի կենտրոնի ադրբեջանցի սեփականատերերն արգելել են հայկական ծիրանի վաճառքն իրենց տարածքում։

Ազգային ատելության հիմքի վրա կատարված այդ արարքը կոպիտ կերպով խախտում է ՌԴ Սահմանադրության 29-րդ հոդվածի 2-րդ մասը, միաժամանակ հանդիսանում հանցագործություն՝ նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով։

Քաղաքացիաիրավական և աշխատանքային հարաբերությունները չպետք է ծանրաբեռնվեն ազգային պատկանելությամբ։

ՌԴ իրավապահ մարմիններին կոչ եմ անում համարժեք միջոցներ ձեռնարկել ՌԴ օրենսդրության այսպիսի կոպիտ խախտման դեմ. օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։

Շնորհակալությունս եմ հայտնում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին՝ ծիրանի ներկրմամբ զբաղվող մեր համաքաղաքացիներին աջակցելու համար։

Մեր ոգին անկոտրում է։

Երկուշաբթի օրն այս դեպքի առնչությամբ մանրամասն նամակը համապատասխան ուղիներով կփոխանցվի ռուսական կողմին՛՛։

 
 

  • Կիսվել: