շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Վերջին 5 տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը իր վրա զգում է պետության ուշադրությունը․ Ռոման Խուդոլի

Վերջին 5 տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը իր վրա զգում է պետության ուշադրությունը․ Ռոման Խուդոլի

Երկար ժամանակ հանքարդյունաբերության ոլորտը պետության կողմից մատնված էր անուշադրություն և միայն 5 տարի առաջ մենք զգացինք, թե ինչպես է փոխվում կառավարության վերաբերմունքը ոլորտի նկատմամբ, մեր ձայնը սկսեց լսելի դառնալ։ Այս մասին Mining Armenia 2026 ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Ռոման Խուդոլին ընդգծեց, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվն է, սակայն դրա պոտենցիալը թերագնահատված է։ «Ոլորտը իր մուլտիպլիկատիվ էֆեկտով 2027 թվականին կապահովի երկրի ՀՆԱ-ի 10-11%-ը, ինչը շատ տպավորիչ ցուցանիշ է»,- նկատեց նա։

Խուդոլին ընդգծեց, որ ոլորտի առաջատարները պատրաստ են մեծացնել այդ ցուցանիշները, սակայն առանց երկրաբանական-որոնողական աշխատանքների, առանց հանքահումքային բազայի վերարտադրման՝ հանքարդյունաբերության հետագա զարգացումն անհնարին է։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ոլորտի հետագա զարգացումը հնարավոր է նոր օրենսդրության մշակման, ներդրողների և ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքի փոփոխման և որոշակի երաշխիքների ներդրման պարագայում միայն։

  • Կիսվել: