COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով համաժողովի ընձեռած հնարավորությունների և միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին։
Նրա խոսքով՝ նման մասշտաբի միջազգային միջոցառման անցկացումը Հայաստանում հնարավորություն է տալիս ամրապնդել երկրի կապերը միջազգային գործընկերների հետ, բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և ընդգծել միջազգային գործընթացներում երկրի ներգրավվածության կարևորությունը։
«Անվտանգությունն առաջին հերթին է։ Ակնհայտ է, որ այս միջոցառումն իր մեջ նաև քաղաքական բաղադրիչ ունի։ Այսքան մարդու, այսքան երկրի և այսքան մասնակցի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում կարևոր իրադարձություն է։ Հայաստանի տնտեսական զարգացման և աշխարհի մի մասը լինելու համար սա կարևորագույն գործոններից մեկն է։ Անհնար է չնկատել այս ամենի դրական կողմերը»,- նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ միջազգային նման հարթակները հնարավորություն են տալիս Հայաստանի համար նոր կապեր հաստատելու, տարբեր երկրների ներկայացուցիչների հետ անմիջական շփումներ ունենալու և համագործակցության հետագա ուղղություններ ձևավորելու համար։ Միաժամանակ նման միջոցառումների անցկացումը նպաստում է երկրի նկատմամբ միջազգային հետաքրքրության մեծացմանը և Հայաստանի՝ համաշխարհային գործընթացներում ներգրավվածության ընդլայնմանը։
Անդրադառնալով հարցին, թե առաջիկա երկու տարիներին ի՞նչ նոր հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար՝ Սիմոնյանը նշեց, որ այդ հնարավորություններն արդեն իսկ ստեղծվում են՝ հաշվի առնելով, որ համաժողովն անցկացվում է Հայաստանում։
«Տեսեք՝ այդ հնարավորություններն արդեն բացվել են այն փաստով, որ COP17-ն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե Հայաստանի Հանրապետությունում այս միջոցառումն անցկացնելու հնարավորությունը չլիներ, COP17-ն այսօր այստեղ չէր լինի»,- ասաց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ կարևոր է, որ համաժողովի շրջանակում ստեղծված կապերն ու համագործակցության հնարավորությունները պահպանվեն նաև միջոցառման ավարտից հետո։ Հայաստանի համար առաջիկա երկու տարիները կարող են կարևոր լինել միջազգային գործընկերների հետ երկխոսությունը շարունակելու և ձևավորված կապերը զարգացնելու տեսանկյունից։
Հայաստանում հոկտեմբերի 19-30-ն անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը (COP17) երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային բնապահպանական իրադարձությունն է։ COP17-ի առանցքային նպատակն է իրականացնել առաջին համաշխարհային վերանայումը, թե ինչպես են երկրները կատարում Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակային ծրագրի (KMGBF) պահանջները։Համաժողովի աշխատանքները բաժանված են երկու հիմնական հարթակների, որոնք տեղակայված են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (Կանաչ գոտի) և «Մերիդիան» էքսպո կենտրոնում (Կապույտ գոտի)։ Կանաչ գոտին բաց է լայն հանրության, քաղաքացիական հասարակության, գիտնականների, գործարարների և երիտասարդության համար։ Այնտեղ կներկայացվեն բնապահպանական նորարարություններ, կիրականացվեն համայնքային քննարկումներ, ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներ։ Կապույտ գոտին պաշտոնական բանակցությունների տարածքն է։ Այնտեղ հանդիպում են պետությունների պատվիրակությունները, միջկառավարական մարմինները, դիտորդներն ու փորձագետները՝ համաշխարհային որոշումներ կայացնելու համար։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1263117



