ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանիպուլյացիա է հայտարարել, որ ճգնաժամային պայմաններում գույքահարկ է բարձրացվում, քանի որ քաղաքացին առաջին վճարումը կատարելու է 2021 թվականի դեկտեմբերին․ Բաբկեն Թունյան

Մանիպուլյացիա է հայտարարել, որ ճգնաժամային պայմաններում գույքահարկ է բարձրացվում, քանի որ քաղաքացին առաջին վճարումը կատարելու է 2021 թվականի դեկտեմբերին․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը սխալ ընկալման արդյունք է համարում այն, որ կառավարությունը ճգնաժամային պայմաններում գույքահարկ է բարձրացնում։ Ավելին, ըստ Բաբկեն Թունյանի, որոշ դեպքերում նման հայտարարությունները «միտումնավոր մանիպուլյացիաներ են»։

«Կոնկրետ բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկերի ավելացման, դա կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որն ընդունվել է նախորդ տարի։ Եվ հիմա կատարված փոփոխություններով փորձում ենք մեղմել նախորդ տարի ընդունված նախագծի ազդեցությունները», - այսօր տեղի ունեցած ասուլիսում` խոսելով գույքահարկի փոփոխություններից ներկայացրեց ԱԺ պատգամավորը։

Նա շեշտեց, որ գույքահարկի հետ կապված փոփոխությունների արդյունքում, մինչև դրանք ուժի մեջ կմտնեն, քաղաքացին առաջին վճարումը կատարելու է 2021 թվականի դեկտեմբերին։ Հետևաբար, ըստ իշխանական պատգամավորի, խոսել ճգնաժամի պայմաններում գույքահարկի բեռի ավելացման մասին, արդարացի չէ։

«Այս գումարները գնալու են համայնքային բյուջե և եթե մենք ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, ուրեմն պետք է նաև ընդունել, որ դրանց որոշակի եկամուտներ են պետք։ Այդ գումարները չեն ծախսվելու նախարարի, պատգամավորների անձնական նպատակներով, դրանք ծախսելու է համայնքի ավագանին»,- հայտարարեց Թունյանը՝ ընդգծելով, որ համայնքների նկատմամբ պետք է վերահսկողություն իրականացվի, որպեսզի այդ գումարները արդյունավետ ծախսվեն։

Նշենք, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով գույքահարկի դրույքաչափերի փոփոխություն է կատարվել և դրանք մոտարկվել են անշարժ գույքի շուկայական արժեքներին, արդյունքում տարբեր բնակավայրերում գույքահարկը կարող է բարձրանալ։

  • Կիսվել: