շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը

Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը

Այսօր Երևանում կայացած «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է «Երևանի հռչակագիրը՝ «Հանուն բնության գործողություններ» (Yerevan Declaration – Taking Action for Nature)։


ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ ընդունված հռչակագիրը վերահաստատում է համաշխարհային առաջնորդների հանձնառությունը՝ մինչև 2030 թվականը կանգնեցնելու և շրջելու կենսաբազմազանության կորստի միտումը, իսկ մինչև 2050 թվականը հասնելու բնության հետ ներդաշնակ ապրելու համաշխարհային տեսլականին։

Ընթերցելով ընդունված հռչակագիրը, նշել եմ, որ դրա առանցքային ուղերձը հստակ է՝ քաղաքական հանձնառություններից անցում կատարել չափելի գործողությունների և շոշափելի արդյունքների։

Փաստաթղթով ընդգծվում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական միջոցների ավելացման, էկոհամակարգերի պահպանության և վերականգնման, գիտության ու նորարարական տեխնոլոգիաների կիրառման, միջազգային համագործակցության ամրապնդման, ինչպես նաև երիտասարդների, կանանց, բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների և հասարակության բոլոր հատվածների լիարժեք ներգրավման անհրաժեշտությունը։

Հռչակագրով կարևորվում է նաև Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը՝ որպես բացերը բացահայտելու, պատասխանատվությունն ամրապնդելու և մինչև 2030 թվականը սահմանված 23 թիրախների իրագործումն արագացնելու կարևոր հնարավորություն։

Երևանի հռչակագիրը քաղաքական հստակ ուղերձ է միջազգային հանրությանը․ բնության պահպանությունն այլևս չի կարող սպասել, իսկ համատեղ հանձնառությունները պետք է վերածվեն իրական գործողությունների։

Երևանից հնչած այս ուղերձը կարևոր քաղաքական հիմք է ստեղծում հոկտեմբերի 19-ին մեկնարկող COP17-ի համար՝ վերահաստատելով համաշխարհային առաջնորդների վճռականությունը՝ համատեղ ջանքերով ապահովելու կենսաբազմազանության պահպանության օրակարգի գործնական առաջընթացը։

  • Կիսվել: