կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կամ ապացուցեք, որ այս թվերը սխալ են, կամ ներողություն խնդրեք․ Թունյանը ներկայացրեց պարգևավճարների իրական չափը  (տեսանյութ)

Կամ ապացուցեք, որ այս թվերը սխալ են, կամ ներողություն խնդրեք․ Թունյանը ներկայացրեց պարգևավճարների իրական չափը (տեսանյութ)

Հայաստանում պետական կառավարման համակարգում նախորդ տարի բաժանվել է 22 մլրդ դրամի պարգևավճար՝ ներառյալ հարկերը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում  ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Թունյանը նշեց, որ բյուջեի կատարողականի մասին քննարկումներում Ֆինանսների նախարարի պաշտոնակատարին խնդրել է հստակ տեղեկատվություն տրամադրել, թե 2020-ին ինչ ծավալի պարգևավճարներ են բաժանվել պետական կառավարման համակարգում: Պատգամավորը հիշեցրեց՝ ոմանց կողմից ներկայացվում էր, թե պետական պաշտոնյաները 2020-ին ստացել են մոտ 120 մլն դոլարի պարգևաճվարներ, ինքը հայտարարել է, որ այդ թիվը սուտ է, իսկ թվի մասին հիմնավորումներ ինքը չի լսել: Թունյանը ներկայացրեց նախարարի պաշտոնակատարի տրամադրած թվերը:

«2020 թվականին պետական կառավարման համակարգի աշխատավարձի ֆոնդը կազմել է 65.5 մլրդ դրամ, և բաժանվել է դրա մոտ 30 տոկոսի չափով՝ 22 մլրդ դրամի պարգևավաճար՝ այսինքն` 45 մլն դոլար: Ընդ որում, այս գումարում ներառված են նաև հարկերը, դրանք հանելու դեպքում ստացվում է մոտ 35 մլն դոլար: Ընդ որում, այս գումարը բաժանվել է ոչ թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ 20 հազար պետական ծառայողներին»,-ասաց Թունյանը:

Նա հավելեց՝ մեկ աշխատողի հաշվով նայելով կարելի է տեսնել, որ յուրաքանչյուր աշխատողի՝ պետական ծառայողի՝ սկսած գրադարանների, արխիվների, այլ կառույցների աշխատողներից, ամսական միջինը 90 հազար դրամ պարգևավճար է բաժին ընկել, եթե հարկերը հանվեն՝ մոտ 70 հազար դրամ: Պատգամավորը հավելեց, որ նախկինում էլ այդ համակարգը գործել է, որոշ կառույցներ ունեցել են արտաբյուջեներ, որոշումներում բաժանվել են արտաբյուջեներ:

Նա կոչ արեց այն մարդկանց, որոնք կրկին կպնդեն, թե այդ թվերը սխալ են և կներկայացնեն այլ թվեր, ներողություն խդրել հասարակությանը մոլորեցնելու համար:

  • Կիսվել: