«Լուսավոր Հայաստանը» իրեն համարում է քաղաքական կոնսոլիդացիայի առանցք
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իրեն է համարում քաղաքական կոնսոլիդացիայի առանցք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Լուսավոր Հայաստանը» մաս կկազմի ձևավորվելիք ընդդիմադիր դաշինքին:
«Մենք արդեն հայտարարել ենք, որ ՀՀ-ում հաջորդ իշխանությունը մենք ենք լինելու»,- հավաստեց նա` բացատրելով, թե ինչու է կուսակցությունը այդքան վստահ իր առաջ քաշած թեզում. «Ես կարող եմ ասել, թե ինչու ենք այդպես մտածում: ԼՀԿ-ն այն ուժն է, որն ունի պոտենցիալ, պրոֆեսիոնալ թիմ, նրան հնարավոր չէ ահաբեկել քրեական գործերով: Մենք ունենք մեր օրակարգը, որով առաջ ենք շարժվում»,- եզրափակեց պատգամավորը:
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան», Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և Հայ Հեղափոխական «Դաշնակցություն» կուսակցությունները պատրաստվում են ընդդիմադիր դաշինք կազմել: Այս կուսակցությունները այդ լուրերը չեն հերքում:


