երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատարանն արգելել է Վանաձորի համայնքապետ ընտրելու հարցով ավագանու նիստեր հրավիրել. «Լուսավոր Հայաստան»

Դատարանն արգելել է Վանաձորի համայնքապետ ընտրելու հարցով ավագանու նիստեր հրավիրել. «Լուսավոր Հայաստան»

Դատարանում քննվող վարչական գործի շրջանակներում դատարանի կողմից այսօր՝ դեկտեմբերի 24-ին կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով մասնավորապես արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը` մինչ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։ Այս մասին NEWS.am-ը  տեղեկանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

«Մինչդեռ, Վանաձորի համայնքապետարանում, չսպասելով ընտրական վեճի արդյունքներին, ավագանու նիստ են փորձում գումարել, ինչն անթույլատրելի և անօրինական է` ըստ վերը նշված որոշման»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ընտրությունների հետ կապված դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքների մասին ընտրական հանձնաժողովի որոշումը:

Նշենք նաեւ, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11-ին տեղի է ունենալու Վանաձորի ավագնու անդրանիկ նիստը, որի օրակարգում է համայնքապետի ընտրության հարցը:

  • Կիսվել: