կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Լուսավոր Հայաստանն» արտահերթ ընտրություններին մասնակցելու է ցանկացած ընտրակարգով. Գորգիսյան

«Լուսավոր Հայաստանն» արտահերթ ընտրություններին մասնակցելու է ցանկացած ընտրակարգով. Գորգիսյան

2016-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկել է ընտրություններն անցկացնել բաց համամասնական ցուցակով. 2018-ին, երբ քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը, էլի առաջարկել ենք ընտրության գնալ նույն ընտրակարգով: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ իշխանությունն առաջարկում է ընտրություն փակ համամասնական ընտրակարգով:

«Խաղի կանոնները պրոցեսի ընթացքում փոխել չի կարելի, ինչքան էլ ընտրակարգի փոփոխությամբ գործընթացը պարզեցվի կամ հեշտացվի: Նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, վերջնական չէ, և մենք պատրաստվում ենք գրավոր առաջարկներ ներկայացնել»,- ասաց Գորգիսյանը: 

Նա նշեց, որ ԼՀԿ-ի համար կարևոր է ընտրությունները չհետաձգելը, կարևոր է դրանց լեգիտիմությունը, կարևոր է երկրում լարվածության թոթափումը: «Ինչ էլ որոշի իշխանությունը, միևնույն է՝ ԼՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է ցանկացած ընտրակագով»,- ընդգծեց պատգամավորը:  

Գորգիսյանը հայտնեց, որ վարչապետի հետ պայմանավորվածություն ԸՕ-ի փոփոխության մասով չի եղել, ԼՀԿ-ն, ըստ նրա, պայմանավորվել է միայն արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ:

  • Կիսվել: