երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Հայաստանի ընտրությունները պետք է որոշվեն Հայաստանում՝ ՀՀ քաղաքացիների կողմից, ազատ և ժողովրդավարական գործընթացի միջոցով. Սոնա Ղազարյան

Հայաստանի ընտրությունները պետք է որոշվեն Հայաստանում՝ ՀՀ քաղաքացիների կողմից, ազատ և ժողովրդավարական գործընթացի միջոցով. Սոնա Ղազարյան

Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի աշխատանքը։ Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․

«Հարգելի՛ նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ նոր մանդատով վերադառնալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։

Ազատ և արդար խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը ստացավ քվեների հստակ մեծամասնությունը և նրան վստահվեց կառավարություն ձևավորելու մանդատը։

Կարծում եմ` այս ընտրությունները հատկապես նշանակալի էին մի շարք առումներով. մասնավորապես` արտաքին միջամտության ծավալով և բնույթով, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրակաշառքի կիրառմամբ։ Մենք ականատես եղանք այն ավելի ու ավելի կատարելագործված ձևերին, որոնցով կարող է դրսևորվել արտաքին միջամտությունը՝ ապատեղեկատվություն, կեղծ թեզերի տարածում, կիբեռհարձակումներ, հանրային տեղեկատվական դաշտի մանիպուլյացիա և քաղաքացիների՝ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձեր։ Եվրոպայի խորհուրդն էլ ճանաչել է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը՝ որպես Հայաստանի ժողովրդավարական անվտանգության համար աճող մարտահրավեր։ Կար նաև կարևոր տնտեսական բաղադրիչ։ Քաղաքական ճնշումն ուղեկցվում էր տնտեսական ճնշմամբ՝ մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների միջոցով, որոնք նպատակ ունեին ազդելու ինքնիշխան երկրի քաղաքական ընտրության վրա։

Ինչպես վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՄԱԿ-ի իր ելույթում, Հայաստանի 2018 թվականի Թավշյա հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը պետական ինստիտուտների և ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդումն է։

2026 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ այս ինստիտուտներն ունակ են պաշտպանելու ընտրական գործընթացը, պաշտպանելու քաղաքացիների ընտրելու իրավունքը և ապահովելու, որ Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ընտրությունն ազատորեն արտահայտվի՝ նույնիսկ զգալի արտաքին ճնշման պայմաններում։

Այս ընտրությունների արդյունքն ընտրություն է հօգուտ խաղաղության և տարածաշրջանային համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության, հաշվետու կառավարման, տնտեսական հնարավորությունների և եվրոպական կառույցների հետ առավել սերտ համագործակցության։

Եվ այդ ընտրությունը պետք է պատկանի Հայաստանի ժողովրդին, ո՛չ թե օտարերկրյա կառավարությանը, ո՛չ թե արտաքին ուժին, ո՛չ թե տնտեսական ճնշմանը և ո՛չ էլ ապատեղեկատվությանը։

Սկզբունքը պարզ է․ Հայաստանի ընտրությունները պետք է որոշվեն Հայաստանում՝ Հայաստանի քաղաքացիների կողմից ազատ և ժողովրդավարական գործընթացի միջոցով։ Սա միայն Հայաստանի ինքնիշխանության հարցը չէ։ Սա եվրոպական ժողովրդավարության հիմնարար սկզբունք է»։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ։

  • Կիսվել: