չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կիրառենք մեզ հայտնի բոլոր հնարավոր մեթոդները՝ հակահայկական քարոզչամեքենայի դեմն առնելու համար. Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան

Կիրառենք մեզ հայտնի բոլոր հնարավոր մեթոդները՝ հակահայկական քարոզչամեքենայի դեմն առնելու համար. Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը խնդրում է հետին պլան մղել ունեցած բոլոր տարաձայնություններն ու նեղացածությունը և համախմբման կոչ է անում:

Նա, մասնավորապես, նշում է. ՛՛Դիմում եմ աշխարհի տարբեր երկրներում բնակվող, հնարավորություն, հեղինակություն ու տվյալ երկրի «վերին էշելոններում» կապեր ունեցող և հարց լուծող իմ բոլոր ընկերներին.

Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը չի դադարեցնում ռազմական սադրանքները Հայաստանի դեմ։ Նրանց քարոզչամեքենան,ինչպես միշտ, աշխարհին մատուցում է սխալ տեղեկատվություն՝ փորձելով այդ սադրանքների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա և խուսափել պատասխանատվությունից։

Հակահայկական նենգ հայտարարություն է արել Թուրքիան։ Ադրբեջանի ղեկավարը անդադար մեզ սպառնում է պատերազմով,իսկ Բաքվի ցուցարարները Հայաստանի դեմ պատերազմ սկսելու պահանջ են ներկայացրել։

Այս ամենը վկայում է ,որ մեր պատմական Հայրենիքը պատերազմի մեջ ներքաշվելու իրական վտանգի առջև է կանգնած։

Իմ հարգելի ընկերներ,խնդրում եմ հետին պլան մղեք ունեցած բոլոր տարաձայնություններն ու նեղացածությունը։ Եկեք համախմբվենք, օգտագործենք մեր բոլոր հնարավորություններն ու կապերը՝ մեր հայրենիքին օգտակար լինելու համար։ Կիրառենք մեզ հայտնի բոլոր հնարավոր մեթոդները,մեր բնակության երկրներում հակահայկական քարոզչամեքենայի դեմն առնելու և իրականությունը տվյալ երկրի ժողովրդին հասանելի դարձնելու համար։

Փառք Հայ ժողովրդին և Հայոց բանակին:

Աստված պահապան Հայ զինվորին՛՛

  • Կիսվել: