Այս պառլամենտը լեգիտիմ չէ՛, Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորված չէ՛. Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ազգային ժողովի իններորդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ հայտարարել է, որ ներկայիս խորհրդարանը զուրկ է լեգիտիմությունից, քանի որ ձևավորվել է քաղաքացիների քվեների «գողության» արդյունքում։
Հղում անելով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ նա նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ, չի կանխել ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող խախտումները։
Պատգամավորի խոսքով՝ ՍԴ-ն 4 էջի վրա արձանագրել է խախտումներ, որոնց չլինելու պարագայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կստանար 4 տոկոս և կլիներ խորհրդարանում։
Նա անդրադարձել է նաև կալանքի տակ գտնվող գործընկերներին՝ մասնավորապես Արթուր Սարգսյանին և Մամիկոն Ասլանյանին։ Մանուկյանը Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը որակել է որպես դատախազության «ստի» վրա հիմնված՝ նշելով, որ «գերզենքերի» և «երկաթե աստղիկների» մասին պնդումները դատարանում փլուզվում են։
Նա նաև պատմել է Մամիկոն Ասլանյանի որդու՝ Լևոնի մասին, ով համալսարանում սովորելու փոխարեն ստիպված է եղել հորը կալանավայր «պերեդաչա» տանել, ինչը ծիծաղելի է դարձնում դասախոսների խոսքերը դատական համակարգի անկախության մասին։
Բացի դրանից, պատգամավորը մերժել է նաև Ռուբեն Ռուբինյանի առաջարկած «զրո կետից» սկսելու մոդելը՝ այն նմանեցնելով 1988 թվականի սովետական զինվորի վարքագծին, ով ավտոմեքենան ջարդելուց հետո ուղղակի ասում էր՝ извини, друг։ Նա նշել է, որ հասարակությունը ստացել է հանցավոր տրավմա, քանի որ քաղաքացիներն այլևս ապրում են 24-ժամյա գաղտնալսման վախի ներքո։



