Խնդիրները պետք է լուծվեն երկխոսությամբ. ԻԻՀ դեսպանը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին
Մենք այն կարծիքին ենք, որ երկրներն արդեն հասել են այն արդյունքին, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ու քննարկումների միջոցով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ անդրադառնալով հարցին, թե եթե Ադրբեջանը եւս մեկ ագրեսիա իրականացնի Հայաստանի դեմ, Իրանը պատրա՞ստ է հետայսու եւս իր հակազդեցությունը ունենալու՝ թույլ չտալով միջանցքային տրամաբանության իրականացում:
«Իրանի խորհուրդը բոլոր երկրներին եղել է այն, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն զուտ քննարկումների, երկխոսության միջոցով: Իհարկե, Իրանն իր պատրաստակամությունը հայտնել է տարբեր սահմանված հարթակներում նաեւ իր աջակցությունը ցուցաբերել, որպեսզի խնդիրները երկխոսությամբ լուծումներ ստանան»,-ասաց դեսպանը:
Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հետեւյալն է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է Իրանը գնահատում փաստը, որ ԵՄ-ն երկու տարով նոր դիտորդական առաքելություն է ուղարկել Հայաստան, որի կազմում ֆրանսիական կողմից ներգրավված են լինելու նաեւ ժանդարմներ:
«Իհարկե, այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության ապահովման առումով, սակայն տարածաշրջանի երկրները մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության ու քննարկումների վրա»,-ասաց դեսպանը:


