ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կայացել է Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը

Կայացել է Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը

Հուլիսի 7-ին կայացել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Քննարկումներին մասնակցել են Գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԵԽ քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուներ՝ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն անդրադարձել է Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և շեշտել, որ դրանց հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար: ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրի դոնոր կազմակերպություններին և երկրներին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Նորվեգիային, Շվեդիային, Ավստրիային, Շվեյցարիային, Միացյալ Թագավորությանը, Գերմանիային, Իռլանդիային, Լիխտենշտեյնին, ինչպես նաև Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: 

  • Կիսվել: