Ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է․ Զոհրաբ Մնացականյան
2019 թվականին Հայաստանի Հանրապետությունը իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է, այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացնելով կատարողականը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Համահայկականությունը և փոխգործակցությունը ևս, ըստ նախարարի, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի որդեգրած սկզբունքներն են։ նախարարի խոսքով, այս սկզբունքները միասին միջազգային ասպարեզում ապահովում են հայ ժողովրդի արժեքների ու շահերի հետապնդումը։
Նախարարը ներկայացրեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գերկայությունը շարունակել է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։
«Բովանդակային առումով Հայաստանի դիրքորոշումները բազմաթիվ առիթներով հստակորեն արտահայտվել են։ Տարվա ընթացքում հնարավոր է դարձել երկու պայմանավորվածություն իրագործել՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, որի շրջանակներում իրականացվել է ԶԼՄ ներկայացուցիչների փոխանակման ծրագիր։ Որպես մարդասիրական քայլ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 2019-ի մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Իբրահիմովին, նույն օրը ՀՀ-ին է հանձնվել չպարզված հանգամանքներում Արդբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը», -ներկայացրեց նախարարը։
Ըստ Մնացականյանի, էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործառույթը ևս շարունակում է մնալ կարևորագույն գործառույթներից մեկը դիվանագիտության մեջ։


