կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին

Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին

Հայաստանը պատասխանել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակին, որը վերաբերում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նամակն ուղարկել են Սարգիս Խանդանյանին, Սարգիս Խանդանյանն էլ շատ վաղուց,  մեկ-երկու օր հետո պատասխանել է այդ նամակին: Ուղղակի երեւի այդ րոպեին տիկին Զախարովային հարմար էր տենց արձագանքել եւ չարձագանքել մյուս մասին: Պարզ է, չէ՞, որ բեմականացված հարցուպատասխան է տեղի ունենում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
 
Նա ասաց, թե տեղյակ է՝ ինչ են պատասխանել ռուսական կողմին, սակայն չմանրամասնեց. «Տեղյակ եմ, բայց չեմ ասի։ Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, ոչ մի նոր բան չեմ ասել: Նույն բաները պատրաստ եմ այսօր ու մշտապես կրկնել»,- ասաց ԱԺ նախագահը։
 

Հարցին՝ ո՞ւմ անունից է ինքը հակառուսական հայտարարություններ արել, Ալեն ՍԻմոնյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ ո՞ւմ անունից: Ես ամենաուղիղ մանդատով ընտրված մարդկանցից մեկն եմ, արել եմ հայտարարությունը ում անունից մասնակցել եմ: Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են: Հայաստանում իշխանությունը, նաեւ ընդդիմությունը ներկայացնում են ժողովրդին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

«Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթները։ Մեր գործընկերն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել էր Մատվիենկոն։

Նշենք՝ ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

  • Կիսվել: