հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իմ ստացած մանդատի համար հաշվետու եմ ինձ վստահության քվե տված քաղաքացիների առաջ․ Բաբաջանյան

Իմ ստացած մանդատի համար հաշվետու եմ ինձ վստահության քվե տված քաղաքացիների առաջ․ Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր մանդատի թեմային, նշելով, որ պատգամավորական մանդատն իրականում չպետք է լինի սակարկության կամ մեխանիկական հաշվարկների առարկա։

Նշենք, որ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Նա, մասնավորապես, գրել է․

«ԻՄ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԴԱՏԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՄ ԻՆՁ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵ ՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋ

Պատգամավորաական մանդատն իրականում չպետք է լինի սակարկության կամ մեխանիկական հաշվարկների առարկա։

Պատգամավորական մանդատը քաղաքացիների կողմից տրված քվեի առարկայացումն է, որը մարմնավորում է այդ նույն քաղաքացիների սպասումներն ու ակնկալինքերը այդ մանատը կրողից։ Իսկ դա նշանակում է, որ մանդատը առաջին հերթին ու առավելապես աշխատանքի գործիք է, այն ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ իրացնելու ու կյանքի կոչելու դրա սեփականատիրոջ՝ քաղաքացու սպասելիքներն ու ակնակալիքները։ Ահա այս հարթությունում ես ամբողջույթամբ ազնիվ եմ ինձ մանդատ տված քաղաքացիների հանդեպ։

Համենայնդեպս անցած ավելի քան մեկուկես տարիներին արել և անում եմ առավելագույնը՝ ինձ վստահության քվե տված մարդկանց սպասումներն արդարացնելու համար, դա անում եմ ամենօրյա, անդուլ, անդադար աշխատանքով, ի տարբերություն մանդատը բանսարկությունների ու դավադրությունների միջոցի վերածած շատ շատերի։ Պատգամավորական մանդատը ես շարունակելու եմ օգտագործել այդ նպատակով՝ ՀՀ քաղաքացիների նպատակներն ու սպասումները արդարացնելու համար։ 2018 թվականին քաղաքացիները ԱԺ բոլոր պատգամավորներին, այդ թվում՝ նաև ինձ վստահության քվե են տվել հեղափոխության օրակարգն առաջ մղելու ու հեղափոխության հռչակումները կյանքի կոչելու համար։

Ես Ազգային Ժողով եմ եկել այդ գիտակցությամբ ու առաքելությամբ և չեմ դավաճանել այդ կոչմանը, ի տարբերություն նույն հեղափոխական մանդատը ստացած շատ շատերի, ովքեր անազնիվ գտնվելով իրենց վստահած քաղաքացիների առաջ՝ խորհրդարանը դարձրել են հակահեղափոխական օրակարգերի սպասարկման հարթակ։ Իսկ ես իմ ստացած մանդատի համար հաշվետու եմ ինձ վստահության քվե տված քաղաքացիների առաջ։ Այդ վստահությունը շատ, չափազանց թանկ է ինձ համար և որևէ մանիպուլյացիա կամ սպեկուլյացիա ինձ չի կարող ստիպել չարաշահել այդ վստահությունը»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը:

 

  • Կիսվել: