Որոշում եմ կայացրել վերցնել պատգամավորի մանդատը և դադարեցնել Վեդի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները․ Գարիկ Սարգսյան
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հայտարաել է, որ որոշում է կայացրել վերցնել պատգամավորի մանդատը և դադարեցնել Վեդի համայնքի ղեկավարի իր լիազորությունները:
Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Վերջին հինգ տարիներին հպարտությամբ ստանձնել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեր կողմից ինձ և իմ քաղաքական թիմին տրված վստահության մանդատը ծառայեցնելով մեր գեղեցիկ համայնքի շենացման գործին:
Թե ինչ դժվարությունների ենք հանդիպել այս ճանապարհին, տեղյակ են քչերը, բայց թե ինչ հաջողություններ ենք գրանցել՝ տեսանելի է բոլորիդ։ Ես պարբերաբար հաշվետվություն եմ ներկայացրել մեր թիմի կողմից կատարված մեծածավալ աշխատանքների մասին։
Եթե կհիշեք, 2021թ. Վեդի միավորված համայնքի ավագանու ընտրություններին ես մասնակցում էի. «ՈՒզու՞մ ես շենացնել հայրենիքդ, սկսիր քո՛ համայնքից» կարգախոսով։ Այսօր Վեդին շենանում և ծաղկում է շատ արագ տեմպերով՝ իր բնակիչների համար ապահովելով բարեկեցիկ միջավայր։
Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը և ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու՝ հետևապես համայնքի ղեկավարի իմ լիազորությունները։ Վստահ եմ՝ Վեդին ապահով ձեռքերում է, ուստի իմ ընտրողներին և համակիրներին կոչ եմ անում հետայսու նույնպես նեցուկ լինել իմ թիմին, որն անշեղորեն շարունակելու է իրագործել մեր անավարտ ծրագրերը։
Հավատացա՛ծ եղեք, ինպես նախկինում, այնպես էլ հիմա, անելու եմ ամեն հնարավորը իմ կարողությունների սահմաններում, որպեսզի իմ համայնքը և իմ մարզը, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր համայնք և մարզ, իսկ վերջնանպատակը՝ մեր իրական Հայաստանը, օր առաջ դառնա ավելի խաղաղ, շեն ու ծաղկուն։ Պատգամավորական մանդատը ծառայելու է բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության՛՛:



