շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հոգեբանական գրոհի հայկական բաղադրիչը․Վահրամ Աթանեսյան

Հոգեբանական գրոհի հայկական բաղադրիչը․Վահրամ Աթանեսյան

Հայրենական երեք կուսակցություն՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիքը» հայտարարել են հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք անցկացնելու մասին:

Նպատակ է դրված հասնել «ազգային կառավարության ձեւավորման»: Հասկացվում է, որ գործող իշխանությունն «ազգային չէ»: Եթե «ազգային չէ»՝ ուրեմն «ապազգային է»: Կամ՝ «սորոսական»՝ ինչպես Իլհամ Ալիեւն է ասում:

Հետաքրքիր է, չէ՞: Հայաստանի գործող իշխանությանը նույն բնութագրումն են անում հայրենական ընդդիմությունը, Ադրբեջանի նախագահը եւ ռուս մի շարք փորձագետներ: Վերջիններս ավելի առաջ են գնում եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրում «Ռուսաստանի նուրբ փորատակին (Հարավային Կովկասում) պատերազմ հրահրելու մեջ»: Ճիշտ՝ ինչպես Իլհամ Ալիեւն է ասում: Եւ բոլորը միաձայն խոսում են, որ Ռուսաստանը «չի պաշտպանի Նիկոլ Փաշինյանին»:

Ռուս փորձագետներից մեկը բավական բաց տեքստով է խոսում Հայաստանում ընդդիմության «վերախմբավորման» մասին: Նկատի ունի ԲՀԿ-ՀՅԴ- «Հայրենիք» եռյակի ստեղծու՞մը, թե՞ մոտ ժամանակներս կհայտնվեն նոր խաղացողներ: Հայաստանում նախկինները գործող իշխանությունից պահանջում են արմատական քայլեր՝ դիմագրավելու Թուրքիայից եւ Ադրբեջանից սպառնալիքներին: Երբ նրանք առաջին օրից Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին, որ իշխանության է եկել Արցախը «ծախելու»՝ չէի՞ն կանխատեսում, որ վարչապետին մղում են փակուղի:

Պետք է կարողանային վեր կանգնել ներքաղաքական նպատակահարմարությունից, հնարավորություն տային, որ նոր իշխանությունը տիրապետի ԼՂ կարգավորման գործընթացի բոլոր նրբություններին եւ մտնի բանակցային նորմալ ռեժիմի մեջ: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Հայաստանի դեմ հոգեբանական գրոհ են նախաձեռնել Թուրքիան, Ադրբեջանը, ռուսական որոշակի շրջանակներ (այլապես Իլհամ Ալիեւը չէր ակնարկի տավուշյան մարտերին ՌԴ արտգործնախարարի գնահատականի մասին) եւ, պարզվում է՝ ընդդիմադիր եռյակը:

Սա պատահականությու՞ն է, թե ամեն ինչ կազմակերպվում է մի կենտրոնի՞ց: Ընդ որում՝ որոշ դեպքերում այդ հետագիծը հասնում է նաեւ Արցախ: Ճիշտ է՝ ուլտրա-հայրենսիրական փաթեթավորմամբ, բայց իմաստը նույնն է: Հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում ո՞վ կլինի Արցախից: Կլինի՞:

Վահրամ Աթանեսյան

  • Կիսվել: