Ազատագրում կոչվող օպերացիայի ներքո Ռոբերտ Քոչարյանը և իր համախոհները թալանել են Հայաստանը և Ղարաբաղը․ Փաշինյան
Կարծում եմ հիմա և միշտ էլ ակնհայտ է եղել, որ ազատագրում կոչվող օպերացիայի ներքո Ռոբերտ Քոչարյանը և իր համախոհները թալանել են Հայաստանի Հանրապետությունը և Ղարաբաղը։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող սեփականությունը օրինական է կարող են դուրս գալ և հեղափոխություն իրականացնել։
«Մեր քաղաքական կամքը այն է, որ Ռոբերտ Քոչարյանենցից ապօրինի ձեռք բերված նույնիսկ կոշիկը վերադարձնելու ենք Հայաստանի Հանրապետությանը։ Հետևաբար կոչ եմ անում հեղափոխություն կատարել որովհետև այս գործընթացը կանգնեցնելու այլ ճանապարհ չկա»,-ասաց վարչապետը՝ հավելելով․ «Նաև ձեր շահերից է բխում, որ դատարանները բավարար չափով արդար գտնվեն և այդ որոշումը կայացնեն, որովհետև, եթե դա տեղի չունենա, վախենամ ժողովուրդը դա մի կողմ դնի ու գա անձամբ այդ ամեն ինչը, ինչ իրեն է պատկանում, վերցնի։ Հավատացած եղեք դա ձեր համար կլինի վատագույն սցենարը»։
Անդրադառնալով իր կառավարության կողմից զիջումներ կատարելու վերաբերյալ մեղադրանքներին Փաշինյանը հայտարարեց, որ եթե նման պնդումներ անողները հստակ ապացույցներ ունեն, ապա թող հստակ մատնանշեն, թե ինչ է զիջվել Ադրբեջանին։



