Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է ամուսնու ախտորոշումը թաքցրել սկեսուրից
Լույս է տեսել RT-ի և «Russia today» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ «Ոչ առաջին սեր. վշտի և ուրախության խոստովանություն» խորագրով գիրքը։ Այն նվիրված է Սիմոնյանի ամուսնու՝ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հիշատակին։ Նա կյանքից հեռացավ անցյալ տարվա սեպտեմբերին։
Գրքի, ընտանիքի ու վերջին շրջանում իր կյանքում տեղի ունեցածի մասին Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ընկերոջ Անդրեյ Մալախովի հաղորդման եթերում։ Նա պատմել է, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ, խոսել է երեխաների, սիրելի տոների մասին, հիշել ուրախ և տխուր պահերը։
Խոսելով Տգրանի հիվանդության մասին՝ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ մահվանից 9 ամիս առաջ՝ 2024-ի դելտեմբերին իրենց ցույց են տել ՄՌՏ հետազոտության արդյունքներն ու արձանագրել են գլխուղեղի մահ։
«Այդ 9 ամիսների ընթացքում իմ խնդիրն էր այնպես անել, որ էլ ուրիշ ոչ մեկ չիմանա, քանի որ ես ունեի ու հիմա էլ ունեմ Լաուրային (Տիգրան Քեոսայանի մայրը-խմբ.),որը դրանից 3 տարի առաջ հուղարկավորել էր իր ավագ որդուն։ Ես չէի կարող պատկերացնել, թե ինչպես Լաուրան կտանի Տիգրանի մահը։ Կարեկցանքը տառապանքի ամենացավոտ տեսակն է, որը ես գիտեմ։ Ես խիստ կարեկցում էի նրան։ Ատում եմ ստելը, բայց երբ հարցը վերաբերում էր կարեկցանքի և երբեք չստելու վճռականության միջև ընտրությանը, իհարկե, հաղթում էր կարեկցանքը»։
Մարգարիտան նաև պատմել է, որ ամուսնու՝ կոմայի մեջ գտնվելու առաջին 40 օրվա ընթացքում գործնականում ապրել է հիվանդանոցում՝ նրա կողքին, սակայն ի վերջո վերադարձել է տուն՝ որդու՝ Բագրատի ծանր հիվանդության պատճառով։ Նա սարսափով է հիշում այդ օրերը։
Ամուսինս արդեն ինը ամիս կոմայի մեջ էր, իսկ որդիս ծանր հիվանդացավ։ Եվ ի հավելումն այս ամենի՝ ես քաղցկեղ ունեմ։ Երբ ինձ այդ մասին հայտնեցին, ես ծիծաղեցի։ Այդ սցենարն ինձ անհավանական էր թվում։ Ես ինքս սցենարիստ եմ. անհնար է նման սցենար գրել։ Ոչ ոք չէր հավատա դրան».-նշել է նա։
Կոմայի մեջ գտնվող ամուսնու մոտից վերադառնալիս Մարգարիտան փորձել է պահպանել լավատեսությունը՝ 87-ամյա սկեսուրին աջակցելու համար։
«Հուսով էի, որ նրա օրգանիզմն ավելի երկար կդիմանա, քան Լաուրան։ Ես նրան ասում էի. «Պետք է պատրաստ լինես, Լաուրա՛. տե՛ս, երբ նա արթնանա, չի կարողանա միանգամից քայլել. ստիպված կլինենք նրան անվասայլակով տեղափոխել, իսկ հետո նորից սովորեցնել քայլել»։ Այդ ամենը հորինում էի՝ պարզապես նրա մեջ հույսը վառ պահելու համար»,-պատմել է Սիմոնյանը։



