Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են Ադրբեջանի օգտին աշխատելու մեջ. նա ձերբակալված է
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին նախագահ Ավգուստ Հաննինգը, որը ձերբակալվել է լրտեսության համար, ենթադրաբար վերլուծական զեկույց էր պատրաստում Ադրբեջանի հետախուզության համար։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննության արդյունքներին։
Հաննինգը ձերբակալվել է այսօր՝ հոկտեմբերի 6-ին։ Նրա հետ միասին իրավապահները ձերբակալել են նաև գերմանական հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակցի՝ Մանֆրեդ Դ.-ին, որը նախկինում ղեկավարել էր Հաննինգի աշխատակազմը և հետախուզական ծառայությունում աշխատել մինչև 2026 թվականի գարունը։ Կասկածյալների տներում նույնպես խուզարկություններ են անցկացվել։
Պարբերականի տվյալներով՝ Հաննինգը անհայտ «գաղտնի» փաստաթղթեր է ստացել BND-ում իր նախկին աշխատակազմի ղեկավարի միջոցով և դրանք օգտագործել զեկույց կազմելու համար։ Այնուհետև այդ փաստաթուղթը, ըստ Դաշնային դատախազության, պետք է ուղարկվեր «օտարերկրյա հետախուզական անվտանգության ապարատի աշխատակցին»։
Ինչպես գրում է Spiegel-ը, ենթադրյալ պատվիրատուն Ադրբեջանի հետախուզության աշխատակից էր։ Ընդ որում, հայտնի չէ՝ վերլուծությունը հասե՞լ է արդյոք հասցեատիրոջը։
Պարբերականը նշում է, որ Հաննինգի կապերը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ գաղտնի չէին պահվում։ BND-ի նախկին ղեկավարը եղել է «Գերմանա-ադրբեջանական ֆորումի» վարչության անդամ։
Հաննինգը BND-ն ղեկավարել է 1998-ից 2005 թվականներին։ Հետախուզությունից հեռանալուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետական քարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Հաննինգի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2025 թվականի սեպտեմբերին նրա տան և գրասենյակների խուզարկություններից հետո մեկ այլ գործի շրջանակում՝ գործարարուհի Քրիստինա Բլոկի երեխաների ենթադրյալ առևանգման վերաբերյալ։ Առգրավված նյութերն ուսումնասիրելիս ոստիկանությունը հայտնաբերել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետախուզության գաղտնի փաստաթղթերով էլեկտրոնային կրիչ։ Դրանից հետո նյութերը փոխանցվել են դաշնային իշխանություններին, և 2026 թվականի մայիսին Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հաննինգի և հետախուզական ծառայությունում տեղեկատվության ենթադրյալ աղբյուրի նկատմամբ։
Քննիչների տվյալներով՝ մինչև 2022 թվականի հունիսը Դ.-ն գումարի դիմաց Հաննինգին մատակարարել է մոտ 2000 փաստաթուղթ, որոնց թվում եղել են գաղտնիության դրոշմակնիք ունեցող բազմաթիվ նյութեր։



