չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո. Փաշինյան

ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո. Փաշինյան

Արդյոք Սև լճի և Ջերմուկի օկուպացված տարածքները ՀՀ-ի անբաժանելի մաս համարո՞ւմ եմ: Այո՛, համարում եմ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի հարցին, թե Սև լճի և Ջերմուկի օկուպացված տարածքները ՀՀ-ի մա՞ս են, և ո՞րն է Ադրբեջանի ԶՈՒ-ի դուրսբերման երաշխիքը, ինչպես նաև ժամկետը:

Ըստ Փաշինյանի՝ հարցը ենթակա է լուծման սահմանազատման գործընթացի շրջանակում, իսկ հարցի լուծման երաշխիքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև և վավերացվել է նախորդ գումարման խորհրդարանում:

«Ավելին ասեմ, մենք խոսում ենք Ջերմուկի և Սև լճի մասին, բայց ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո: 1990 թվականից: Այդ տարածքները և մյուս տարածքները նույնպես սահմանազատման գործընթացի առարկա են: Այդ գործընթացով խնդիրները կլուծվեն կանոնակարգով նախատեսված պրոցեդուրաներով»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: